
«Փաշինյանը 7 տարիների ընթացքում ձևավորել է հանցագործ թիմ, որը ոչ միայն չի կանխելու նրա քայլերը, այլև կարող է ողջունել ու միանալ». Լարիսա Ալավերդյան

Նիկոլ Փաշինյանը երկրորդ օրն է՝ դիմում է հանրությանը՝ կոչ անելով միավորվել ու հեռացնել Ամենայն Հայոց վեհափառին։ Նա այսօր հերթական գրառումն է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ կոչ անելով Վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու համար ստեղծել համակարգող խումբ՝ ներառյալ ինքը։
Նա մի քանի կետեր է նշել, թե ովքեր կարող են ներառվել խմբում. օրինակ, Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ կարդացած մարդը՝ անկախ նրանից՝ կին է, թե տղամարդ, գոնե մեկ անգամ ծոմ պահող, ամեն օր աղոթող մարդը։
Խմբի մարդկանց ընտրելու քասթինգը Նիկոլ Փաշինյանը նույնպես իր վրա է վերցնում։ Նա նաև նշել է, որ այն մարդիկ, ովքեր համապատասխանում են իր նշած կետերին, կարող են իրենց անուն-ազգանունը, հեռախոսահամարն ուղարկել իր էլեկտրոնային փոստին։
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը պետք է հետևեին իրավապահների գործողությունները, քանի որ նա խախտում է Սահմանադրությունը։
«Մեր Սահմանադրության նկատմամբ այնպիսի արհամարհանք է, որը գուցե շատերի համար անակնկալ էր, բայց ոչ ինձ համար։ Հիշեցնեմ՝ բազմիցս ասել եմ, որ այս մարդը հայատյաց է և այն աստիճան, որ իրեն այնպիսի արարքներ ու հայտարարություններ է թույլ տալիս, որը նույնիսկ ադրբեջանական կողմը չի անի։ Շատերն ասում են, որ Ալիևն է հրամայել, ես դա մերժում եմ՝ սա այդ մարդու անձնական նախաձեռնությունն է, որը զավթել է իշխանությունը։ Նա նույն քայլերն իրականացրեց Սահմանադրական դատարանի հանդեպ, նրա մոտ ստացվեց։ Նորմալ քրիստոնյա հայ մարդը պետք է արհամարհեր ու դատապարտեր նրա այս կոչերը, սա սահմանադրական կարգի ու պետական անվտանգության դեմ իրականացվող հանցագործություն է»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը։
Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բռնության և հակաօրինական գործողությունների կոչ է անում։ Բայց ՀՀ իրավապահ համակարգը որևէ բան չի անում, քանի որ երկիրը զավթված է ներսից, և խոսքը մեկ անձի մասին չէ։
«Վերջին 7 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ձևավորել է հանցագործ թիմ, որը ոչ միայն չի կանխելու նրա քայլերը, այլև կարող է ողջունել ու միանալ նրա կոչին՝ «բացատրելով» ժողովրդին, թե դա անհրաժեշտ է պետական անվտանգության համար։
Մեր երկիրը ներսից զավթված է 2018 թվականից, և այն գործընթացը, որը հիմա տեղի է ունենում՝ սկսվել է 2018 թվականի հունիսից, և սա նորություն չէ։ Բայց այն ժամանակ զգալով, որ որևէ արդյունքի չի հասնելու, փոխեց իշխանական բոլոր մարմիններին, որոնք կսպասարկեն իրեն և թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը։ Այս մարդիկ ազգին տանում են ֆիզիկական ոչնչացման և առաջին հերթին՝ ինքնության ոչնչացման»,- հավելեց նախկին ՄԻՊ-ը։
Լարիսա Ալավերդյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը լավ հասկանում է, որ այս ամենի զարգացումը հանգեցնելու է քաղաքացիական բախման, և հենց սա՛ է նրա ծրագիրը։
«Հայության ոչնչացման ծրագիր ունի նաև Թուրքիան, բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ ժամանակին Թուրքիայի նախկին արտգործնախարարը, դիմելով ադրբեջանցի իր գործընկերոջը, ասել է՝ «շարունակելով խաբել հայերին ու եվրոպացիներին խաղաղության մասին խոսքերով, պետք է իրականացնենք մեր ծրագիրը՝ ոչնչացնենք հայերին՝ ոչ միայն որպես պետական ազգ, այլև ֆիզիկապես»։ Որքան էլ գիտենք, որ ԱԱԾ-ն և մյուս ուժային կառույցները Նիկոլ Փաշինյանի հսկողության տակ են, միևնույն է՝ պետք է դիմել նրանց՝ հստակեցնելու, որ Նիկոլ Փաշինյանի նման գործողությունները հող են պատրաստում նաև դրսի ուժերի համար, որ հարձակվեն Հայաստանի վրա»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։