
ՄԱԿ-ում հետևում են ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցություններին և պատրաստ են աջակցելու հաշտության գործընթացին

ՄԱԿ-ն ուշադիր հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններին Ստամբուլում և պատրաստ է աջակցելու հաշտության գործընթացին: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ, ՄԱԿ-ի արտակարգ օգնության համակարգող Թոմ Ֆլետչերը:
«Կարծում եմ՝ մենք բոլորս ուշադիր հետևում ենք Ստամբուլում տեղի ունեցող զարգացումներին: Երբ ես Ուկրաինայում էի, իսկ այժմ նաև՝ Ռուսաստանում, առաջ էի տանում խաղաղության գաղափարը՝ արդար խաղաղության, խաղաղության, որը կպաշտպանի քաղաքացիական բնակչությանը, որը թույլ կտա մարդասիրական օգնություն հասցնել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն՝ անկախ նրանց գտնվելու վայրից», – ասել է նա:
«Եվ, անշուշտ, ՄԱԿ-ը պատրաստ է աջակցելու այդ գործընթացին, եթե անհրաժեշտ լինի», – ընդգծել է գլխավոր քարտուղարի տեղակալը:Ֆլետչերը հավելել է, որ «որպես դիվանագետ միշտ հույս ունի խաղաղության, նույնիսկ երբ դա դժվար է»:
«Խոչընդոտները քիչ չեն, բայց ես հույս ունեմ հաջողության», – նշել է նա:
Ռուսաստանի և Ուկրաինայի վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Ստամբուլում։ Հանդիպումը տևել է մեկ ժամից փոքր-ինչ ավելի։ Կողմերը փոխանակել են փաստաթղթեր՝ հակամարտության կարգավորման իրենց տեսլականով:
Թոմ Ֆլետչերը հունիսի 2-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։