Բաժիններ՝

Հնդկաստանում կրիկետի մարզադաշտի մոտ տեղի ունեցած հրմշտոցի զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորներինը՝ 47-ի

Հնդկաստանի Բենգալուրու քաղաքի կրիկետի մարզադաշտի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 47 մարդ։ Այս մասին հայտնում է The Indian Express պարբերականը։ 

Տոնակատարությունները սկսվել էին հունիսի 3-ի երեկոյան, երբ հազարավոր մարդիկ դուրս էին եկել Բենգալուրուի փողոցներ՝ նշելու «Ռոյալ Չելենջերս Բենգալուրու» թիմի 18-ամյա պատմության մեջ առաջին հաղթանակը: 

Հունիսի 4-ի առավոտյան թիմի ղեկավարությունը հայտարարել է, որ տեղի օրենսդիր մարմնի նստավայր Վիդհանա Սուդհայից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող մարզադաշտ բաց ավտոբուսով հաղթական շքերթ կանցկացվի նախքան մարզադաշտում կայանալիք միջոցառումը, որի համար առցանց հասանելի կլինեն սահմանափակ քանակությամբ անվճար տոմսեր։ Սակայն ավելի ուշ ճանապարհային ոստիկանությունը հայտարարել էր շքերթը չեղարկելու մասին։

Ոստիկանության տվյալներով՝ ժամը 15:00-ի դրությամբ մոտ 50 000 մարդ էր հավաքվել փողոցներում, և այդ թիվը աճում էր։Միջադեպը հետաքննող պաշտոնյաների խոսքով՝ ամբոխը, չիմանալով, որ հաղթանակի շքերթը չեղարկվել է, սպասում էր, որ շնորհավորական արարողությունից հետո բաց ավտոբուսը կուղևորվի դեպի մարզադաշտ։ Քանի որ շատերը տոմսեր չունեին մարզադաշտ մտնելու համար, նրանք հույս ունեին, որ գոնե մի պահ կտեսնեն կրիկետի աստղերին ավտոբուսում։

Հրմշտոցները սկսվել են մարզադաշտ մտնելու ժամանակ, երբ մարզադաշտի 3-րդ դարպասը մասամբ բացվել է, և տոմս ունեցող և չունեցող մարդկանց ամբոխը փորձել է ներխուժել տարածք։

«Բենգալուրուում տեղի ունեցած դժբախտ պատահարը ցավալի է։ Այս ողբերգական պահին իմ մտքերը բոլոր նրանց հետ են, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։ Ես աղոթում եմ, որ վիրավորներն արագ ապաքինվեն», – գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցիալական հարթակում։Մահացածների մեծ մասը երիտասարդ տղամարդիկ և կանայք են։ Կառավարությունը խոստացել է մոտ 11 000 ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում տալ նրանց ընտանիքներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս