Ռազմական փորձագետը Հայաստանին խորհուրդ է տալիս հարավկորեական K2 տանկեր ձեռք բերել․ News.am

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը news.am-ի թղթակցին տված հարցազրույցում Հայաստանին խորհուրդ է տվել հարավկորեական K2 BlackPanther տանկեր ձեռք բերել։

«Դա հիանալի ձեռքբերում կլիներ, եթե Հայաստանը ցանկանար զինվել նման տանկերով։ Հարավային Կորեան ակտիվորեն մուտք է գործել զենքի համաշխարհային շուկա՝ ժամանակակից զենքի տարբեր տեսակներով», -հավելել է նա։

Մասնագետը պարզաբանել է, որ ռուսական տանկերի հետ զուգահեռներ անցկացնել հնարավոր չէ, քանի որ ռուսական տանկաշինությունը հիմնված է այլ տեխնոլոգիայի վրա։ «K2 BlackPanther տանկերը որևէ կերպ չեն առնչվում ռուսական T-72-ի կամ T-90-ի հետ», -հավելել է նա։

Ֆելգենհաուերը պարզաբանել է, որ արկերը նույնպես տարբերվում են խորհրդային տանկերի համար նախատեսվածներից։ «K2-ն ունի 120 մմ տրամաչափի ունիտար լիցքեր, մինչդեռ խորհրդային տանկերինը 125 մմ տրամաչափի առանձին լիցքեր են։ Դա նշանակում է, որ խորհրդային արկերը չեն տեղավորվի հարավկորեական տանկերի մեջ, և դրանք կարելի է գնել ՆԱՏՕ-ի երկրներից», -ասել է նա։

Նրա գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ԼՂ բանակի պաշտպանությունը կառուցվել է խորհրդային տեսակի բազմաթիվ տանկերի վրա, որոնք բացարձակապես անարդյունավետ դուրս եկան։

«Ադրբեջանի հետ պատերազմում Ղարաբաղի պարտության հիմնական պատճառը տեխնոլոգիական հետամնացությունն էր։ Ղարաբաղյան բանակը զինված և կազմակերպված էր նույնիսկ ոչ թե ժամանակակից ռուսական, այլ դասական խորհրդային տիպարով, ի տարբերություն ադրբեջանական բանակի, որը կազմակերպված էր արևմտյան տիպարով և զինված էր արևմտյան զենքով։

«Ղարաբաղյան բանակը գործնականում անօդաչու թռչող սարքեր չէր օգտագործում, որոնցից Ադրբեջանը մեծ քանակությամբ ուներ, չկային ժամանակակից հակատանկային զենքեր, չկային բարձր ճշգրտության հեռահար հրթիռային համակարգեր», -ընդգծել է փորձագետը: Ֆելգենհաուերը ենթադրել է, որ այս ֆոնին Հայաստանը խորհրդայինների փոխարեն կարող է փորձել անցնել ռազմական տեխնիկայի արևմտյան տիպարների:

Հարկ է նշել, որ հարավկորեական K2 BlackPanther տանկերը, որոնք ունեն հզոր զրահ, որոշ գնահատականներով, համարվում են աշխարհի լավագույններից մեկը և սովորաբար համեմատվում են գերմանական Leopard 2-ի և ամերիկյան Abrams M1-ի հետ։

Տանկի անձնակազմը բաղկացած է երեք մարդուց։ K2-ը զինված է Rheinmetall 120 մմ-անոց տրամաչափի հարթափող թնդանոթով։

Հիմնական զինամթերքը APFSDS-ն է՝ զրահաթափանց հակատանկային արկ՝ կատարելագործված վոլֆրամե միջուկով, որն ապահովում է զրահաթափանցման զգալիորեն ավելի մեծ աստիճան, քան վոլֆրամե ռազմամթերքի ներկա սերունդը։

K2 BlackPanther-ը հագեցած է առաջադեմ կրակի կառավարման համակարգով, որը միացված է շատ բարձր հաճախականության ռադարի՝ ավանդական լազերային հեռաչափով և կողային սենսորով։

Տանկը կարող է ընթանալ մինչև 70 կմ/ժ արագությամբ ասֆալտապատ ճանապարհներով, 8,7 վայրկյանում կարող է զարգացնել 0-32 կմ/ժ արագություն, իսկ արտաճանապարհային պայմաններում պահպանել մինչև 52 կմ/ժ արագություն։

Տեսանյութեր

Լրահոս