Ուրանի հարստացման արգելքը մեզ համար «կարմիր գիծ» է. Իրանի ԱԳՆ

Իրանը թույլտվություն չի խնդրի ուրանի հարստացումը շարունակելու համար: Այսպես է մեկնաբանել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի պահանջը, որը ենթադրում է Իրանի կողմից հրաժարվում իր խաղաղ միջուկային ծրագրից՝ որպես ապագա գործարքի մաս։

«Այս առաջարկի մեջ շատ անորոշություն կա: Մենք համապատասխան պատասխան կտանք առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Ուրանի հարստացումը մեր տարածքում «կարմիր գիծ» է: Սա իրողություն է, որը, կարծում եմ, գիտակցել են բոլոր երկրները»,- լրագրողներին ասել է Արաղչին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ միջուկային ծրագրի շուրջ հնարավոր գործարքը բացառում է Իրանում ուրանի ցանկացած հարստացում։

Reuters գործակալությունը, վկայակոչելով իրանցի դիվանագետներից մեկին, հայտնել է, որ Իրանը պատրաստվում է մերժել այս գործարքը, քանի որ այն Թեհրանին զրկում է խաղաղ միջուկային ծրագրի իրավունքից։

Այս ամենի ֆոնին մի շարք միջազգային լրատվամիջոցներ նշում են, որ այս հարցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների վեցերորդ փուլը կարող է ձախողվել։

Տեսանյութեր

Լրահոս