
Մերցը չի բացառել Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռների մատակարարումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառում, որ իր կառավարությունը Ուկրաինային TAURUS հեռահար թևավոր հրթիռներ կմատակարարի, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Իհարկե, դա հնարավորի ոլորտում է»,- ասել է Մերցը ZDF հանրային հեռուստաալիքի եթերում չորեքշաբթի երեկոյան։
Նրա խոսքով՝ հրթիռների մատակարարումը վեց ամսից կամ մեկ տարուց «այսօր Ուկրաինային չէր օգնի», ուստի Բեռլինն արդեն հիմա մեծացնում է Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը։ Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ TAURUS-ի մատակարարումների դեպքում ուկրաինացի զինվորականների համար մի քանի ամսվա ուսուցում կպահանջվի։
Այս հայտարարությունից առաջ Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում ընդունել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Հանդիպումից հետո հայտարարվել էր, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային հեռահար զենքի ձեռքբերման հարցում։ Իր հերթին, Զելենսկին գերմանական RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Մերցի հետ բանակցությունները, մասնավորապես, վերաբերվել են TAURUS-ի մատակարարմանը։
«Յուրաքանչյուր անցնող շաբաթվա հետ Ուկրաինան ավելի ու ավելի շահավետ դիրքում կլինի, այդ թվում՝ ինքնուրույն պաշտպանվելու իր կարողության հարցում»,- այս հարցի վերաբերյալ ZDF-ի եթերում ասել է Ֆրիդրիխ Մերցը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ «պատերազմը դադարեցնելու բանալին» Ռուսաստանում է։ «Եթե Ռուսաստանն այսօր դադարեցնի կրակը, պատերազմը կավարտվի արդեն այսօր երեկոյան»,- ասել է Գերմանիայի կանցլերը։ 2024 թվականի փետրվարին Ֆրիդրիխ Մերցը, որպես ընդդիմության առաջնորդ, կոչ էր արել Օլաֆ Շոլցի կառավարությանը Կիևին տրամադրել TAURUS հրթիռներ։
Բացի այդ, նա քննադատել էր Ուկրաինային գերմանական զինամթերքի, իր կարծիքով, անբավարար մատակարարումները. «Ամեն ինչ տեղի է ունենում չափազանց դանդաղ, չափազանց ոչ վճռական»: TAURUS -ը օդ-մակերևույթ դասի հրթիռ է, այսինքն՝ արձակվում է ինքնաթիռից։
Այն նախատեսված է ունիվերսալ օգտագործման համար, բայց հատկապես արդյունավետ է օդանավակայաններ, բունկերներ, զենքի պահեստներ և արդյունաբերական օբյեկտներ խոցելու համար։ TAURUS-ը կարող է թիրախներ խոցել 500 կիլոմետր հեռավորության վրա։