
ՀՀ-ում կթույլատրվի տնային կալանքի դեպքում հեռավար աշխատել, բայց որոշակի պայմաններով

ՀՀ-ում կթույլատրվի տնային կալանքի որոշ դեպքերում հեռավար աշխատել։ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը:
Փաստաթղթի ընդունմանը կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 31։
Փոփոխությունների համաձայն` եթե տնային կալանքի պայմաններում աշխատանքային գործունեությունն արգելող կանոններ սահմանված չեն, ապա կալանավորված անձը գործատուի համաձայնությամբ կկարողանա կատարել իր աշխատանքային պարտականությունները: Հակառակ դեպքում նրա լիազորությունները կհամարվեն կասեցված, իսկ պաշտոնը կպահպանվի մինչև կալանքի ժամկետի ավարտը:
Նշենք, որ վերջին 1-2 տարիներին Հայաստանում ընդունվել է տնային կալանքի մանրամասն իրավական կարգավորում։
Իրավապահ համակարգի նպատակն է ավելի հաճախ կիրառել այդ խափանման միջոցը՝ որպես սովորական կալանքի այլընտրանքային տարբերակ։