10 հազարից ավել հետախուզվող մարդ կա, որ խուսափել են բանակից. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ բանակին առնչվող օրենսդրական փաթեթին և մայիսի 27-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դրա քննարկման չեղարկմանը.արդյո՞ք հանրային արձագանքը նշանակություն ունեցավ:

«Հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի, քննարկումները շարունակվում են: Կարծում եմ, որ օրենքը միգուցե որոշ փոփոխությունների կարիք կարող է ունենալ, բայց անհրաժեշտություն է՝ ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Վերջնանպատակը մեր երկրի համար պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը, որտեղ կծառայեն մարդիկ, ովքեր դրան կվերաբերվեն որպես մասնագիտություն՝ ամենայն պատասխանատվությամբ: Եվ այն իրավիճակը, որ մեր երկրում եղել է և կա արդեն տասնամյակներ շարունակ, պետք է ինչ-որ ձևով սկսել կարգավորել»,-նշել է նա:

Դիտարկմանը՝ աղքատների բանա՞կ եք ստեղծում, Ալեն Սիմոնյանն արձագանքել է. «Ես աղքատ չեմ եղել, բայց բանակ գնացել եմ: Նախագծի բովանդակությանը չեմ անդրադառնա: Բայց էն մարդիկ, ովքեր փորձել են գումարով իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են, և նոր որակում տալու կարիք չկա: Դրա դեմ պայքար նույնպես տարվում է և տարվելու է: Բայց նախագիծն ունի հարցեր, և դա քննարկվում է»:
ԱԺ նախագահը սակայն չասաց՝ որտե՞ղ է հարուստ լինելով՝ ծառայել:

Ալեն Սիմոնյանի նաև հետաքրքրվեցին՝ լավ չէ՞ր լինի այս երևույթի դեմ պայքար լիներ, իրավապահ համակարգն աշխատեր, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ բոլոր իշխանություններն այդ փորձերն արել են, գնացել են այդ ուղղությամբ, բայց իրենց նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է:

«10 հազարից ավել հետախուզվող մարդ կա, որոնք խուսափել են բանակից»,-ասաց նա:

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ դրված փաթեթին առնչվող կրկնվող հարցին ի պատասխան՝ դարձյալ հիշեցրել է, որ հարուստները փողով իրենց երեխաներին ազատել են, իսկ մյուսները գնացել են ծառայել, և որ ինքն էլ ապահովված ընտանիքից լինելով, ծառայել է, իհարկե, դարձյալ չի ասվել՝ որտեղ և ինչպես:

Տեսանյութեր

Լրահոս