ՀՀ կառավարությունը կվճարի կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված ԱՆԻՖ-ի շահութահարկը

Սնանկացած և կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված ԱՆԻՖ պետական ընկերության շահութահարկի պարտավորությունը կվճարի ՀՀ կառավարությունը: Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։

Այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից կհատկացվի մոտ 84,5 մլն դրամ։ Շահութահարկի այս պարտավորությունն առաջացել է 2024 թվականի ընթացքում։

Հիշեցնենք` ԱՆԻՖ հիմնադրամը ստեղծվել էր 2019 թվականին և ֆինանսավորվում էր պետական միջոցներով՝ ենթադրաբար տնտեսական բարեփոխումներին նպաստելու համար: Հիմնադրամի կառավարման համար ներգրավվել էին մասնավոր մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։

Սակայն, ըստ ԶԼՄ-ների, միջոցների զգալի մասն ուղղվել է կասկածելի հեղինակություն և օֆշորային գրանցում ունեցող ընկերություններին` ԱՆԻՖ–ը 1,5 մլրդ դրամ (մոտ 3,8 մլն դոլար) է ներդրել CFW ընկերությունում, որի բաժնետերերը գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում։

5 տարվա ընթացքում ԱՆԻՖ-ը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա, որոնց թվում են «Masdar» ընկերության (ԱՄԷ) «Այգ-1» արևային կայանը, որի շինարարությունը հետ է մնացել համաձայնեցված ժամկետներից, «Երեմյան» ընկերության անասնապահական համալիրը, «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը (ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա»-ի համատեղ ձեռնարկությունը), որը փակվեց 2024 թվականի հունվարին՝ գոյատևելով շուրջ երեք տարի։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, Երևանի գործող քաղաքապետ և Փաշինյանի թիմի անդամ Տիգրան Ավինյանի կնոջ մտերիմ ընկերն է:

Տեսանյութեր

Լրահոս