
ԱՄՆ-ն Թուրքիայում իր դեսպանին կնշանակի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց

ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի խորհրդական և Թուրքիայում երկրի ներկայիս դեսպան Թոմաս Բարաքին կնշանակի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Այս որոշումը հաջորդել է անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նշանակալի հայտարարությանն այն մասին, որ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կհանվեն։
«Այս պահին որևէ հայտարարություն չի ստացվել»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Սիրիայում Բարաքի դերը։
Սպասվում է, որ Բարաքը՝ ուղղակի ներդրումների բաժնի ղեկավարը, որ երկար ժամանակ խորհրդատվություն է տրամադրել Թրամփին, իսկ 2016 թվականին գլխավորել է նախագահական երդմնակալության հանձնաժողովը, կշարունակի աշխատանքը որպես Թուրքիայում ԱՄՆ դեսպան, հայտնել են աղբյուրները։
Այս իրադարձությանը ծանոթ աղբյուրների համաձայն, Բարաքը զբաղված է եղել այս ամսվա սկզբին Անկարա ժամանելու պահից՝ մայրաքաղաք իր երկրորդ այցի ընթացքում ճաշելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Անցյալ շաբաթ նա միացել է Ռուբիոյին՝ մի քանի կարևոր հանդիպումների մասնակցելու համար, այդ թվում՝ Անթալիայում Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ աշ-Շիբանիի հետ, որոնք կազմակերպել էր Ֆիդանը։ Նա և Ռուբիոն հանդիպել են նաև Թուրքիայի և Ուկրաինայի կառավարությունների նախարարների հետ՝ վերջիններիս՝ ռուսաստանցի պաշտոնյաների հետ բանակցությունների նախաշեմին, որոնք երեք տարվա ընթացքում հակամարտող կողմերի միջև հրադադարի մասին առաջին ուղիղ բանակցություններն են դարձել։
Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նա թույլատրում է Թուրքիայում դեսպանատան աշխատակիցներին, ներառյալ Բարաքին, աշխատել Սիրիայում տեղի պաշտոնյաների հետ՝ հասկանալու համար, թե ինչ օգնություն է նրանց անհրաժեշտ։