Մենք խնամքով ենք վերաբերվում հայ և ռուս ժողովուրդների խոր կապերին. Լավրով

Հայաստանն ու Ռուսաստանն այսօր գրեթե բոլոր ոլորտներում ունեն բավականին շատ շփումներ և կապեր, որոնք պետք է առավելագույնս ու խելամտորեն օգտագործել։ ՀՀ ԱԳՆ-ում ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք այսօր էլ խնամքով ենք վերաբերվում ՀՀ-ի հետ մեր դաշնակցային հարաբերություններին, մեր ժողովուրդների միջև խոր կապերին»,- ասաց նա։

Լավրովը հիշեցրեց, որ այս տարի նշվելում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի պայմանագրի կնքման 30-ամյակը, ինչպես նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման 10-ամյակը։

Նա նաև հիշեցրեց, որ այսօր հայ գործընկերների հետ հայ-թուրքական, հայ-իրանականն սահմաններին շարունակում են ծառայություն իրականացնել նաև ռուս սահմանապահները։

Անդրադառնալով մշակութային համագործակցությանը` ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ հոկտեմբերին Մոսկվայում անցկացվելու են հայկական օրեր։

Նա նաև շնորհավորեց հայ և ռուս ժողովուրդների ընդհանուր տոնը, որը այս տարի բավականին մեծ շուքով տոնեցին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակը։

«Մենք բարձր ենք գնահատում այն, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցեց Մոսկվայում անցկացված շքերթին` ի հեճուկս արևմտյան որոշ պաշտոնյաների հրապարակային սպառնալիքներին։

Շքերթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ մենք հիշում ենք ու գնահատում ենք յուրաքանչյուր ժողովրդի ներդրումը հաղթանակի հարցում, այդ թվում` հայ ժողովրդի»,- ընդգծեց Լավրովը։

Նա ասաց, որ իրենք շատ բարձր են գնահատում այն ուշադիր վերաբերմունքը, որ հայկական կողմը ցուցաբերում է Հայրենական մեծ պատերազմի բազմաթիվ հուշարձանների նկատմամբ, ու այն բազմաթիվ միջոցառումները, որոնք այդ օրերին անցկացվեցին Հայաստանում, այդ թվում` «Անմահ գնդի» ակցիան։

Տեսանյութեր

Լրահոս