
#ՀԻՄԱ. ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԵՎ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ ԱՍՈՒԼԻՍԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն և կառուցողական էին։ Այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Քննարկել ենք տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացները, շեշտել հարաբերությունների խորացման համար հավելյալ ջանքեր գործադրելու կարևորությունը՝ ի շահ երկու երկրների և մեր երկրների քաղաքացիների»,– ասաց նա։
Միրզոյանի խոսքով՝ Լավրովի այցը շատ լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունները քննարկելու համար։
Քննարկումների ընթացքում գործընկերները երկուստեք նշել են Երևանի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի և շարունակական քաղաքական երկխոսությունը՝ հիմնված երկու երկրների շահերի և առաջնահերթությունների վրա։ Միրզոյանը հիշեցրեց՝ ընթացիկ տարին հագեցած էր և կշարունակի հագեցած լինել փոխայցելություններով։
«Էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները, ունենք փոխշահավետ և հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում, տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժն ամբողջությամբ չի իրացվում։ Վստահ ենք, որ տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման դեպքում տնտեսական համագործակցությունն էապես կավելանա»,- հավելեց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այս համատեքստում ռուս գործընկերոջը նա ևս մեկ անգամ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Միրզոյանն ընդգծեց, որ Լավրովի այցը լավ հնարավորություն է տալիս նաև քննարկելու զգայուն հարցերը, որոնք հուզում են երկու երկրների հասարակություններին։ Այս առումով Միրզոյանը մասնավորապես անդրադարձ կատարեց միգրացիոն քաղաքականության մեջ կատարված փոփոխություններին՝ հույս հայտնելով, որ այդ փոփոխությունները բացասական ազդեցություն չեն ունենա երկու քաղաքացիների գործունեության, երկու երկրների բարեկամական կապերի վրա։
Զգայուն թեմաներից մեկն էլ մեդիաոլորտում համագործակցությունն է։ Միրզոյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է ոլորտում առաջացող խնդիրների պարբերական, ժամանակին հասցեագրման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու և այդ ջանքերի շնորհիվ անհարկի, միակողմանի գնահատականներից ու միջամտություններից զերծ մնալու կարևորությունը։