Բաժիններ՝

«Չեմ հասկանում՝ ինչու են մարդիկ դա կաշառք համարում»․ Կատարը Boeing 747-8 է նվիրել Թրամփին

Օրեր առաջ ABC News-ը հաղորդել էր, որ Կատարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Boeing 747-8 ինքնաթիռ է նվիրելու, ինքնաթիռի արժեքը գնահատվում է մոտ 400 միլիոն դոլար՝ ամենաթանկ նվերը, որը երբևէ ստացել է ԱՄՆ-ն՝ այլ պետության կողմից։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվեն Ուիթքոֆը ABC News-ին ասել էր, որ Կատարի կողմից Թրամփին ինքնաթիռ  նվիրելը լիովին օրինական է, գործարքը վերահսկվել է Սպիտակ տան և ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից։

ԱՄՆ նախագահին ինքնաթիռ նվիրելուն է այսօր անդրադարձել նաև Կատարի վարչապետ Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին՝ նշելով, որ «դա կաշառք չէ»։

«Դա փոխանակում է Կատարի պաշտպանության նախարարության և Պենտագոնի միջև, որն իրականացվում է լիակատար թափանցիկության և օրենքի խստիվ պահպանման պայմաններում։ Մենք ոչինչ գաղտնի չենք արել, ոչ մի գաղտնի գործարք չի իրականացվել»,- ասել է նա՝ հավելելով, որ Դոհան ընդառաջ է գնացել ԱՄՆ-ին, քանի որ նրանց «հարկավոր էր նախագահական ինքնաթիռ»։

«Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ դա որպես կաշառք ընկալում ու մտածում, թե մենք ուզում ենք ազդեցություն «գնել»՝ ԱՄՆ վարչաակազմի նկատմամբ։ Պետք է կոտրել կարծրատիպը, թե Կատարը արաբական փոքր պետություն է, որը հարուստ է գազով և ինչ-որ բանի կարող է հասնել միայն գումարի միջոցով։ Դա մոլորություն է, որը վնաս է հասցնում մեր հեղինակությանը, ինչպես նաև այլ երկրների հեղինակությանը»,- ասել է Կատարի վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս