
Վենսը հույս ունի կարգավորել հարաբերությունները Միացյալ Նահանգների նոր դիվանագիտական գործընկեր Հռոմի պապի հետ. NBC News

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն այս շաբաթ բազմաթիվ շփումների է ունեցել տարբեր երկրների նախագահների և վարչապետների հետ։ Սակայն միջազգային ասպարեզում ամենակարևորը կարող է լինել երկուշաբթի օրվա հանդիպումը նորընտիր Հռոմի Լևոն XIV պապի հետ, NBC News-ին տված հարցազրույցում ասել է Վենսը։
Երբ նրա ամենագնաց լիմուզինը շտապում էր օդանավակայան՝ ԱՄՆ-ում ծնված առաջին պապի երդմնակալության պատարագը նշելու երեքօրյա ուղևորությունից հետո, Վենսը Հռոմի Լևոն XIV պապի նանվանեց Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ հակամարտության գոտիների միջև խաղաղություն հաստատելու ջանքերում նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական պոտենցիալ գործընկերը։
«Մենք բավական երկար խոսեցինք Իսրայելում և Գազայի հատվածում տեղի ունեցողի մասին։ Շատ խոսեցինք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակի մասին,- NBC News-ին պատմել է Վենսը Հռոմի պապի հետ իր և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մոտ մեկ ժամ տևած հանդիպման մասին։ -Դժվար է կանխատեսել ապագան, բայց ես կարծում եմ, որ ոչ միայն Հռոմի պապը, այլև ամբողջ Վատիկանը ցանկություն է հայտնել իսկապես օգտակար լինել և համատեղ աշխատել՝ օգնելու համար, ինչպես մենք հույս ունենք, Ռուսաստանում և Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի հասնելու համար»։
Կաթոլիկություն դավանող Վենսը նշել է, որ Հռոմի պապին համարել է «չափազանց բարի»։
Նա իրենց զրույցը նկարագրել է որպես բովանդակալից՝ խոստումնալից նշան, հաշվի առնելով, որ պաշտոնում իր նախորդ ծառայության ընթացքում կարդինալ Լևոնը դժգոհություն էր հայտնել Թրամփի վարչակազմի ներգաղթային քաղաքականության վերաբերյալ։ Ընդունելությունից մի քանի ժամ անց Թրամփը սոցիալական ցանցերում հաղորդագրություն է հրապարակել՝ ենթադրելով, որ Հռոմի Լևոն XIV պապը կարող է օգտակար լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։
«Մենք ունենք ամերիկացի պապ, աշխարհի խոշորագույն կրոնի ներկայացուցիչ, մարդ, որը բանակ չունի, բայց, ըստ իս, ունի անհավանական հնարավորություններ՝ միավորելու և ազդելու ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի վրա», -ասել է Վենսը։ Նա հույս է հայտնել, որ սա շատ լավ հարաբերությունների սկիզբ է, քանի որ կարծում է՝ Հռոմի պապը իսկապես հոգ է տանում աշխարհի մասին։ ԱՄՆ փոխնախագահը միաժամանակ հույս է հայտնել որ Միացյալ Նահագների և Վատիկանի միջև հարաբերությունների շնորհիվ ավելի քիչ մահեր և շատ ավելի քիչ մարդասիրական աղետներ կլինեն: