Ռուբիոն հայտնել է, որ ԵՄ-ն կարող է ավելի ուշ սեփական պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

Եվրամիությունը (ԵՄ) ավելի ուշ կարող է Իրանի դեմ իր սեփական պատժամիջոցները կիրառել։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։

«Ես ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպել եմ։ Նրանք առաջ են շարժվում իրենց սեփական գործընթացով, որը մեզանից անկախ է և կարող է լրացուցիչ պատժամիջոցներ ներառել այս տարվա հուլիս-սեպտեմբեր կամ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին»,- ասել է Ռուբիոն։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ավելի վաղ կասկած էր հայտնել ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունավետության վերաբերյալ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար։ Նրա կարծիքով՝ Իսլամական Հանրապետությունից ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջը մեծ սխալ է։

Իրանի ԱԳՆ-ն իր հերթին նշել է, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները, եթե պատժամիջոցները չեղարկվեն, պատրաստ են ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման ծավալների և մակարդակի սահմանափակումը, բայց երբեք չեն համաձայնի դադարեցնել իրենց միջուկային ծրագիրը, քանի որ խաղաղ նպատակներով ուրանի օգտագործման իրավունքը երաշխավորված է բոլոր երկրների համար, որոնք ստորագրել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, որոնցից առաջինը հենց Իրանն էր։

Տեսանյութեր

Լրահոս