Բաժիններ՝

Թեհրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել․ Իրանի ԱԳՆ

Իրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին «Թեհրանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ։ Ֆորումին մասնակցել են Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Իրանը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և երբեք չի ձգտել միջուկային զենք արտադրել՝ հիմնվելով իր կրոնական և բարոյական սկզբունքների վրա», – ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն մայիսի 11-ին անցկացրել են իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ բանակցություններում «առաջընթաց է նկատվում»։ Նա նշել է, որ Իրանը պատրաստ է հարմարեցնել ուրանի հարստացման մակարդակը՝ ԱՄՆ-ի հետ վստահություն ստեղծելու համար, սակայն մտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել դրանից։

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս