Բաժիններ՝

Անտոնիո Գուտերեշը մտահոգված է ՄԱԿ-ի և այլ զարգացման ծրագրերում ԱՄՆ ֆինանսավորման կրճատումներով

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների՝ ՄԱԿ-ի և, ընդհանուր առմամբ, զարգացման ու մարդասիրական ծրագրերում ֆինանսական ներդրումների կրճատումների առնչությամբ։

Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Իհարկե, ես մտահոգված եմ, որ ՄԱԿ-ի և ընդհանուր առմամբ զարգացման ու մարդասիրական ծրագրերի ամենամեծ դոնորը կտրուկ կրճատում է իր ներդրումները», – ասել է նա։

Գուտերեշն, այդուհանդերձ, հավելել է, որ ԱՄՆ ֆինանսական կրճատումների հետևանքով ՄԱԿ-ը փլուզման առջև չի կանգնի։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ֆինանսավորման այդ կրճատումները խնդիր չեն ՄԱԿ-ի և նրա գործակալությունների համար, սակայն խնդիր են այն մարդկանց համար, որոնց օգնում են այդ գործակալությունները։

«Ես չեմ անհանգստանում ՄԱԿ-ի համար, գիտեմ, որ մենք կանենք ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է մեր աշխատանքը շարունակելու և այն ավելի արդյունավետ կատարելու համար»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս