Բաժիններ՝

Թրամփը Կատարից նվեր ստացած ինքնաթիռը կփոխանցի ԱՄՆ ռազմաօդային ուժերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Boeing 747-8 ինքնաթիռը, որը Կատարը պատրաստվում է նվիրել, կտրամադրվի ԱՄՆ ռազմաօդային ուժերին։ Սյս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

«Boeing 747-ը տրվում է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերին, ոչ թե ինձ: Դա նվեր է Կատարի՝ մի պետության կողմից, որին մենք հաջող կերպով պաշտպանել ենք շատ տարիներ», – գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ ինքնաթիռն ԱՄՆ կառավարության կողմից ժամանակավորապես կօգտագործվի որպես նախագահական ինքնաթիռ, «քանի դեռ չեն ժամանել մեր նոր Boeing-ները, որոնց առաքումն ուշանում է»։

Ըստ Թրամփի՝ իմաստ չունի, որ ամերիկացի զինվորականները և հարկատուները միլիոնավոր դոլար ծախսեն ինքնաթիռի վրա, երբ կարող են դա անվճար ստանալ այն երկրից, որը ցանկանում է ԱՄՆ-ին պարգևատրել «լավ կատարած աշխատանքի համար»:

Ավելի վաղ մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ հայտնել էին, որ Թրամփի վարչակազմը ծրագրում է Boeing 747-8-ը նվեր ստանալ Կատարի թագավորական ընտանիքից՝ որպես նախագահական ինքնաթիռ (Air Force One) օգտագործելու համար։

Դեմոկրատները քննադատել են ինքնաթիռը որպես նվեր ընդունելու մասին լուրերը՝ դա անվանելով «ոչ միայն կաշառք», այլև «արտաքին ազդեցություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս