
Դատաբժշկական փորձաքննությունն անցկացվել է ուշացումով. ծածկադմփոց են անելու. Չախոյան
Իմ նկատմամբ բռնությունից հետո փորձ է արվում իրականությունը մանիպուլացնել. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ մանրամասներ ներկայացնելով Նոր նորքի թաղապետարանի միջադեպից։
Նշեց, որ առաջին սուտն այն է, թե իբր մանկապարտեզի տեսանյութում ինքը թաղապետին վիրավորել է։ Չախոյանը ներկայացրեց տեսանյութը, և որևէ բառ որևիցե մեկի հասցեին, այդ թվում՝ թաղապետի, չի ասվում։
Նա նշեց, որ իշխանական կողմից շահարկվել է, թե մանկապարտեզի աշխատանքներն ինքն ու ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը ներկայացրել են ավարտված, որ այդտեղ երեխաներ են հաճախում․«Ես որդեգրել եմ սկզբունք՝ երբևէ սուտ չեմ ասում, ներկայացնում եմ իրականությունը՝ փաստերով։ Հստակ նշվում է, որ այդ մանկապարտեզի աշխատանքներն ընդունված չեն, սակայն պետք է արդեն հանձնված լիներ»։
Չախոյանը պնդեց, որ իր գործողությունների մեջ ոչ մի զրպարտանք, վիրավորական խոսք չկա, բայց թաղապետը զանգել է՝ հայհոյել ու սպառնացել, ինչի ձայնագրությունը հրապարկվել է, որն էլ նա հաստատել է և հետագայում հարցազրույցում հայտարարել, որ, այո՛, միտումնավոր է զանգել իրենց։
«Այսինքն՝ թաղապետը միտումնավոր է զանգել ինձ ու սպառնացել, այն դեպքում, որ ես որևէ վիրավորանք չեմ արտահայտել։ Հիմա ասեք՝ իմ կողմից սադրանքն ինչո՞ւմն է կայանում․ որ իրենց՝ այս իշխանության թալանն ու կոռուպցիա՞ն ենք բացահայտում»,-ասաց Չախոյանը։
Ակտիվիստը նշեց, որ շահարկվում էր, թե իբրև ինքն և Մանուկյանը պահանջել ենք թաղապետի հրաժարականը, սակայն նման բան չի եղել․«Ես չէի էլ կասկածում, որ նրան աշխատանքից չեն հեռացնելու, որովհետև այս իշխանությանն այդ ամենը բնորոշ է»։