
Վրաստանում արձագանքել են ԱՄՆ դեսպանատան կողմից Թբիլիսիի առևտրի կենտրոններում ռումբերի սպառնալիքի մասին նախազգուշացմանը

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 7-ին հաղորդագրություն է տարածել Թբիլիսիի 3 առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքի մասին։ Արձագանքելով այս հաղորդագրությանը՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը դիվանագիտական առաքելություններին կոչ է արել հարգել անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունների գործունեությունը։
ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է Թբիլիսիի երեք մոլերի՝ «East Point»-ի, «Galleria Tbilisi»-ի և «Tbilisi Shopping Area»-ի դեմ առկա ռումբի սպառնալիքի մասին և կոչ է արվում առաքելության բոլոր աշխատակիցներին «խուսափել այս վայրերից՝ մինչև հետագա ծանուցում»։
Ըստ Վրաստանի հանրային հեռարձակող ընկերության՝ երկրի Պետական անվտանգության ծառայությունն (ՊԱԾ) արձագանքել է ԱՄՆ դեսպանատան կողմից տրված նախազգուշացմանը՝ շեշտելով, որ ՊԱԾ համապատասխան ստորաբաժանումներն աշխատում են ևս մեկ կեղծ հաղորդագրության վրա։
«Մենք կոչ ենք անում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին հարգել անվտանգության համար պատասխանատու ծառայությունների գործունեությունը, ցուցաբերել ավելի մեծ պատասխանատվություն և զերծ մնալ համապատասխան գերատեսչությունների հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց», – ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։