
ՌԴ-ն ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի հաղթանակի տոնակատարությունը հանգիստ անցնի

Ռուս զինվորականները ձեռնարկում են բոլոր միջոցները, որպեսզի հաղթանակի հոբելյանի տոնակատարությունն անցնի հանգիստ մթնոլորտում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հատուկ ծառայությունները, մեր զինվորականները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի մեծ հաղթանակի տոնակատարությունն անցնի հանգիստ, կայուն և խաղաղ մթնոլորտում»,-ասել է Պեսկովը լրագրողներին:
Նա նշել է, որ Ռուսաստանի առաջնորդ Պուտինը Մոսկվայի հայտարարած մայիսյան հրադադարի նախօրեին ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներին Ռուսաստանի պատասխան գործողությունների վերաբերյալ նոր ցուցումներ չի տվել:
«Տվյալ դեպքում մեկնաբանելու ոչինչ չկա։ Հրադադարի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է։ Բոլոր ցուցումները տրված են, ոչ մի նոր տարր այստեղ չկա»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Կիևի ռեժիմը շարունակում է ցուցադրել իր էությունն ու իր հակվածությունը ահաբեկչական գործողություններին:
Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլը մտադիր չէր Հաղթանակի օրվան նվիրված հոբելյանական միջոցառումներին հրավիրել Ռուսաստանում ապրող նախկին օտարերկրյա առաջնորդների:
Այս տարի նշվում Է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը:
Մայիսի 9-ի տոնակատարության առթիվ Մոսկվա են այցելելու ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ինչպես նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և սերբական Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը:
Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին մասնակցելու են նաև Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը և այլք: