Բաժիններ՝

«Ինտեր»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին ու Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալեց «Բարսելոնա»-ին:

Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը:

«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների սխալից օգտվելով և արագ հակագրոհելով` «Ինտեր»-ին առաջ մղեց Լաուտարո Մարտինեսը:

Առաջին կեսի վերջին րոպեներին «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը` Պաու Կուբարսին, սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոններն, ու նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հական Չալհանօղլուն:

Երկրորդ կեսի մեկնարկին` 54-րդ րոպեին, Էրիկ Գարսիան խփեց «Բարսելոնա»-ի առաջին գնդակը: Իսկ ընդամենը 6 րոպե անց Դանի Օլմոն վերականգնեց հաշվի հավասարությունը` 2:2:

Հանդիպման 88-րդ րոպեին «Բարսելոնա»-ն խփեց նաև 3-րդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ռաֆինյան:  Երբ թվում էր, թե կատալոնացիներն արդեն եզրափակչում են, կրկնվեց առաջին խաղի սցենարը` հանդիպման ավելացված ժամանակում «Ինտեր»-ը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Գոլը խփեց Աչերբին` 3:3:

Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակի մեկնարկն ավելի հաջող էր «Ինտեր»-ի համար։ 99-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դավիդե Ֆրատեզին։

Խաղի մնացած ժամանակահատածում թիմերը մի քանի անգամ փոխանակվեցին գրոհներով, բայց հաշիվը չփոխվեց։ Ընդհանուր դիմակայության 7-6 հաղթեց «Ինտեր»-ը և նվաճեց եզրափակչի ուղեգիր։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 79-րդ րոպեին:
Կիսաեզրափակիչ մյուս հանդիպումը կկայանա մայիսի 7-ին` կմրցեն ՊՍԺ-ն ու «Արսենալ»-ը: Այս թիմերի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր ՊՍԺ-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս