
Մարմնամարզության աշխարհի գավաթում մարմնամարզիկները սպասվածից ավելի լավ հանդես եկան. Հակոբ Սերոբյան

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով` մարմնամարզիկներն աշխարհի գավաթի 6 փուլերում արել են սպասվածից ավելին:
«Այս տարի առաջին անգամ աշխարհի գավաթի խաղարկությունը բաղկացած էր 6 փուլից` նախորդ տարիների 4-ի փոխարեն: Աշխարհի գավաթում պլանավորածից ավելի լավ եղավ: Մենք կարծում էինք, որ աշխարհի բացարձակ գավաթակիր կլինի միայն Արթուր Դավթյանը: Մեզ համար անսպասելի էր Համլետ Մանուկյանի բացարձակ գավաթակիր դառնալը: Մանուկյանն առաջին անգամն էր մասնակցում մեծահասակների այս մրցաշարին»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Սերոբյանը:
Ըստ գլխավոր մարզչի` աշխարհի գավաթի խաղարկության Կահիրեի մրցափուլը աշխարհի առաջնության բարդություն ուներ:
«Համլետ Մանուկյանը բոլորի համար լուրջ մրցակից է: Բոլորի համար անակնկալ էր, որ երիտասարդը մեծերի մրցաշարում միանգամից դառնում է գավաթակիր»,-շեշտեց Սերոբյանը:
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի կարծիքով` մարզչական շտաբը գոհ է մարզիկների կատարած աշխատանքից, բայց դեռ աշխատանք կա կատարելու մինչև Եվրոպայի առաջնություն:
«Ուրախ եմ Արթուր Ավետիսյանի համար, ով առաջին անգամ է աշխարհի գավաթի փուլում ոսկե մեդալ նվաճում: Լիահույս եմ, որ այս մեդալը նոր «դուռ» կբացի միջազգային մրցաշարերում»,-ասաց նա:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները` Արթուր Դավթյանը և Համլետ Մանուկյանը դարձել են աշխարհի գավաթի խաղարկության բարցարձակ հաղթող: