«Մահվան կորպուս». տեղեկություններ Ադրբեջանի բանտերում և մեկուսարաններում դաժան պայմաններում պահվող և դանդաղ մահվան հարկադրվող հոգևորականների, ընդդիմադիր գործիչների մասին. Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Այս շարքի միջոցով ներկայացվելու են հակիրճ տեղեկություններ Ադրբեջանի բանտերում և մեկուսարաններում դաժան պայմաններում պահվող և դանդաղ մահվան հարկադրվող հոգևորականների, ընդդիմադիր գործիչների, ինչպես նաև տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչների մասին։

Ինչո՞ւ «Մահվան կորպուս»

Շարքի անվանումը վերցված է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, ակտիվիստ, այժմ Եվրոպայում քաղաքական վտարանդիության մեջ գտնվող Գանիմաթ Զահիդի հայտնի գրքի վերնագրից (Ölüm korpusu): Գրքում մանրամասն նկարագրված են Ադրբեջանի բանտային պայմանները և կտտանքների մեխանիզմները, որոնք նախատեսված են Ալիևի անձնական ցուցումով բանտարկվող անձանց համար։

Լուսանկարում «Մուսավաթ» կուսակցության նախկին անդամ, Ժողովրդավարական ուժերի ազգային դաշինքի (ԺՈւԱԴ) քաղաքական խորհրդի անդամ Թոֆիգ Յաղուբլուն է, ով այս պահին պահվում է Քյուրդախանիի հատուկ մեկուսարանում և գտնվում է իր հայտարարած հացադուլի 31-րդ օրվա մեջ։

Ընտանիքի անդամների տեղեկություններով նա գտնվում է առողջական ծանր վիճակում, սակայն իշխանությունների ցուցումով Թոֆիգ Յաղուբլուն զրկված է բժշկական օգնությունից։

Այսօր Ադրբեջանի ժողովրդական ճակատ (ԱԺՃ) կուսակցության նախագահ Ալի Քարիմլին բաց նամակով դիմել է ժողովրդավարական երկրների դեսպանություններին հետևյալ տեքստով.

«Ալիևի իշխանությունն անտարբերությամբ սպասում է, որ Թոֆիգ Յաղուբլուն ընկնի կոմայի մեջ։ Պարոն Թոֆիգը հացադուլի 31-րդ օրն է անցկացնում և արդեն իսկ գտնվում է լիակատար հյուծման վիճակում։ Վերջին օրերին նրան նույնիսկ զրկել են պրոֆեսոր Ադիլ Գեյբուլլայի այցերից և բժշկական զննումների հնարավորությունից։
Կոչ եմ անում Ադրբեջանում գործող ժողովրդավարական երկրների դեսպանություններին ցուցաբերել նախաձեռնություն՝ Թոֆիգ Յաղուբլուի փրկության համար»։

Տեսանյութեր

Լրահոս