
Հայաստանում մայիսին սպասվում են հորդառատ տեղումներ և ջերմաստիճանի մեծ տատանումներ

2025 թվականի մայիսին Հայաստանում բնորոշ են լինելու մթնոլորտային պրոցեսների ակտիվացում, օդային զանգվածների հաճախակի փոփոխություն և հորդառատ տեղումներ՝ ուղեկցվող ամպրոպներով: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության՝ միջին ամսական ջերմաստիճանը կազմում է 9.6°C։ Ամսվա առաջին տասնօրյակում միջին ջերմաստիճանը կազմում է 8.2°C, իսկ երրորդ տասնօրյակում՝ 10.9°C։ Ամենատաք շրջաններն են Արարատի և Արմավիրի մարզերը, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի հովիտները՝ +17…+18°C միջին ջերմաստիճանով։
Լեռնային գոտիներում՝ Գեղարքունիքում, Շիրակում, ջերմաստիճանը պահպանում է +8…+10°C սահմաններում։ 3000 մետրից բարձր՝ բարձր լեռնային գոտիներում այն բացասական է՝ շուրջ -0.5°C, և տեղումների մեծ հավանականությունը դեռ ձյան տեսքով է։
Մայիսին արդեն դիտվում է ամռան սկիզբը՝ Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում միջին օրական ջերմաստիճանը կայուն անցնում է 15 աստիճանի սահմանը։ Լեռնային շրջաններում նման անցում տեղի է ունենում ամսվա կեսին՝ 10°C-ից բարձր։
Չնայած ջերմային ֆոնին, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը՝ երբեմն մինչև -8…-10°C։ Արարատյան դաշտում, Տավուշում և Սյունիքի հովիտներում հնարավոր են մինչև -1°C ցրտահարություններ ամսվա առաջին տասնօրյակում։ Իսկ առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +35…+38°C (Արմավիր, Մեղրի)։
Օրական ջերմաստիճանային տատանումները միջինը կազմում են 8-10°C, երբեմն՝ մինչև 22°C։ Արևափայլի տևողությունը կազմում է 180-200 ժամ, պարզ օրերի թիվը նվազագույնն է՝ 1-4 օր։ Ամպամած օրերը գերակշռում են, տեղումները՝ հաճախ հորդառատ բնույթով։Տեղումների միջին քանակը կազմում է 92 մմ, ամենաշատը՝ Լոռիում՝ 120-130 մմ, ամենաքիչը՝ Արարատի և Արմավիրի մարզերում՝ 40-50 մմ։
Ամենախոնավ մայիսները եղել են 1966, 1975, 1983, 1986, 2002 և 2010 թթ., երբ տեղումները կրկնակի գերազանցել են նորման։ Ամենաչոր մայիսները եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960 և 1989 թթ., երբ տեղումները եղել են նորմայի կեսից պակաս։Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%, սակայն Արարատում և Արմավիրում այն կարող է իջնել մինչև 52-55%։Մայիսին ակտիվանում է ամպրոպային գործունեությունը՝ ամսական միջինում 10-13 օր, երբեմն՝ մինչև 22 օր։
Կարկուտի հավանականությունը նույնպես բարձրանում է՝ Տաշիրում մինչև 8 օր։ Օրվա ընթացքում նկատվում է քամու ուղղության բնորոշ փոփոխություն՝ լեռներ հովիտներից առավոտյան, և հակառակը՝ երեկոյան։ Քամու արագությունը մեծանում է, անդորրի օրերը՝ նվազում։
Համաձայն կենտրոնի կանխատեսման՝ մայիսը լինելու է դինամիկ, փոփոխական, ջերմաստիճանային լայն տատանումներով և տեղումների բարձր հավանականությամբ ամիս։