Բաժիններ՝

Պակիստանը կրակ է բացել Հնդկաստանի հետ միջազգային սահմանին. ANI

Պակիստանցի զինվորականներն ապրիլի լույս 30-ի գիշերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը Հնդկաստանի հետ միջազգային սահմանին։ Այս մասին հաղորդում է հնդկական ANI գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ Ջամու և Քաշմիրի նահանգում գրեթե 7-8 տարվա դադարից հետո բնակիչներն ականատես են եղել հրադադարի ռեժիմի խախտումների մի քանի շրջաններում, այդ թվում՝ Նաուշերայի, Սունդերբանիի և Ախնուրի։

Ախնուրի շրջանի Պարգվալի հատվածում գյուղացիները հայտնել են, որ ուշ գիշերը բազմաթիվ կրակոցներ են լսել։

«Գիշերը 10-ից 12 կրակահերթ է տեղի ունեցել։ Հնդկաստանի բանակը պատասխանել է», – ասել է ANI-ին տեղի բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ նշել է, որ կրակոցներ լսելուց հետո իրենց հրահանգել են դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները և տուն վերադառնալ»։

Հնդկաստանի բանակն իր հերթին հայտարարել է, որ ապրիլի լույս 30-ի գիշերը Պակիստանի բանակը Ջամու և Քաշմիրի նահանգում չհրահրված կրակ է բացել փոքր չափի հրազեններով, որին հնդկական բանակն «արագ և համաչափ» պատասխան է տվել։

Հնդկաստանի և Պակիստանի սահմանային գոտում վերջին շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվում Նյու Դելիի և Իսլամաբադի միջև հարաբերությունների սրման ֆոնին՝ Ջամու և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս