
Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։
Ապրիլի 30-ին ժամը 10:00-ից 13:00-ը և 15:00-ից 17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։
Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որին հաջորդել էր հրդեհ, հանգեցրել է առնվազն 70 զոհի։
Ըստ հրապարակված տվյալների, պայթյունի պատճառը վառելիքի լցանավի բախումն էր, որի հետևանքով նաև կոտրվել են մի քանի կմ հեռավորության վրա գտնվող շենքերի ապակիներ, պոկվել են բեռնարկղերի մետաղական հատվածները՝ վնասելով ներսում պահվող ապրանքները։Հրդեհի մարման աշխատանքները արդեն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել են Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին և Իրանի ազգային աղետների կառավարման կազմակերպության խոսնակ Հոսեյն Զաֆարին։
Վերջինս հայտնել է, որ պայթյունի հետևանքով վիրավորված 1072 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, սակայն 138 վիրավոր դեռ շարունակում է ստանալ բժշկական օգնություն։
Իրանում ապրիլի 28-ը հայտարարվել էր սգո օր։ Նախնական տվյալներով՝ ողբերգության պատճառը եղել է անփութությունը։ Դեպքի վայրում մաքրման և փլվածքների հեռացման աշխատանքները շարունակվում են։