
«Սրանք դավաճաններ են, սրանք ավելի շատ հայ են, քան հայերը». թուրք կուսակցապետը՝ քրդամետ կուսակցությանը

regionmonitor.com-ը գրում է. Թուրքիայում գործող ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեսթիջիին խիստ վրդովվեցրել է ապրիլի 24-ին քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) արած հայտարարաությունը, որում վերջինս դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը.
Կուսակցության կենտրոնական գրասենյակում ունեցած ելույթում Դեսթիջին, նույնացնելով «հայ» և «դավաճան» բառերը, ասել է.
« Մեր խորհրդարանում ներկայացված ուժը, որը իրականում այնտեղ չպետք է լիներ, ահաբեկչական կազմակերպության կուսակցություն հանդիսացող «Հավասարության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը»(DEM), այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ներկայացրեց որպես էթնիկ ինքնության, հավատքի և մտքի ցեղասպանություն։ Սրանք դավաճաններ են, սրանք ավելի շատ հայ են, քան հայերը»։
Նշենք, որ Դեսթիջին տարիներ շարունակ աչքի է ընկել հակահայկական բազմաթիվ հայտարարություններով: 44-օրյա պատերազմից հետո նա բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին: