Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի թեման Թուրքիայի խորհրդարանում օրակարգ բերող միակ պատգամավորը եղել է «Դեմոկրատական կուսակցությունից» ազգությամբ ասորի Ջորջ Ասլանը։ Նա Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի միակ ասորի անդամն է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում։ Ելույթի սկզբում հարգանքով հիշատակել է նախորդ դարասկզբի ողբերգական իրադարձություններին զոհ գնացած հայերին, ասորիներին և մյուս բոլոր ժողովուրդներին։

«Խորհրդարանում գտնվող բոլոր քաղաքական կուսակցությունների խմբակցություններին ունեմ մի հարց։ 1915թ. Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ի՞նչ եղավ այդ 3 միլիոն քրիստոնյաների հետ։ Ուրեմն ինչո՞ւ է այսօր Թուրքիայի բնակչությունը 86 միլիոն, իսկ այս մարդկանց թիվը՝ 50 հազար»:

Պատգամավոր Ջորջ Ասլանը նկատել է տվել, որ այդ հարցին պատասխանով միայն Թուրքիայում կլինի իրական ժողովրդավարություն, հակառակ դեպքում՝ ոչ։

Ասլանին ելույթի ընթացքում անընդհատ վիրավորական ռեպլիկներով փորձել է ընդհատել իշխանական պատգամավոր, հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ունալ Քարամանը։ Ասորի պատգամավորը վերջինիս հակադարձել է. «Դե վեր կացեք, տղամարդավարի պատասխանեք այդ հարցին»: Լեզվակռիվն ավարտվել է միկրոֆոնի անջատմամբ և Քարամանի արձագանքով՝ «Պատմաբաններին հարցրու»:

Տեսանյութեր

Լրահոս