
Լավրովը և Ռուբիոն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 27-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման թեման։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
«Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության հանգուցային հարցերի շուրջ, որը զգալիորեն ակտիվացել է վերջին ժամանակներս: Հիմնական ուշադրությունը հատկացվել է ուկրաինական ճգնաժամի թեմային», – ասվում է ապրիլի 28-ին տարածված հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ, զարգացնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի միջև ապրիլի 25-ին կայացած զրույցը՝ Լավրովը և Ռուբիոն «ընդգծել են բանակցություններ սկսելու համար առաջացող նախադրյալների համախմբման կարևորությունը՝ երկարաժամկետ կայուն խաղաղության հասնելու հուսալի ուղի համաձայնեցնելու նպատակով»։
«Արծարծվել են նաև մի շարք առանձին միջազգային հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներով», – հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։