
Կանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ

Կանադայի Վանկուվեր քաղաքում ֆիլիպինյան համայնքի կազմակերպած փողոցային փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հայտնում է CBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Իրավապահ մարմինները չեն նշել զոհերի ստույգ թիվը։ Բացի այդ, մի քանի մարդ վիրավորվել է։ Վարորդը բերման է ենթարկվել: Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։
Ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, մեքենան ամբոխի մեջ է մխրճվել ապրիլի 26-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 20։00-ի սահմանում (ապրիլի 27-ին՝ Երևանի ժամանակով 07։00-ին)։ Դա տեղի է ունեցել East 41st Avenue-ի և Fraser Street-ի մոտ, որտեղ ընթանում էր փառատոնը։
Վանկուվերի քաղաքապետ Քեն Սիմը սոցիալական ցանցում X-ում գրել է, որ «ցնցված է և խորապես վշտացած» միջադեպից։
«Մեր մտքերը բոլոր տուժածների և Վանկուվերի ֆիլիպինյան համայնքի հետ են», – ընդգծել է նա: