
Արաղչին Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի փոխնախագահի հետ

Չինաստանի փոխնախագահ Դին Սյուեսյանը Պեկինում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Նա ընդգծել է երկու երկրների միջև ավանդական բարեկամությունը և տարբեր ոլորտներում համագործակցության լավ արդյունքները։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
«Չինաստանը պատրաստ է աշխատել իրանական կողմի հետ՝ կենսագործելու այն կարևոր համաձայնությունները, որոնք ձեռք են բերել երկու երկրների ղեկավարները, խորացնելու բարձր մակարդակի շփումները և ամրապնդելու քաղաքական փոխվստահությունը», – ասել է Չինաստանի փոխնախագահը։
«Երկու երկրները նաև պետք է ընդլայնեն գործնական համագործակցությունը, ուժեղացնեն համակարգումը միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ՝ նպաստելու Չինաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կայուն և երկարաժամկետ զարգացմանն՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների», – հավելել է նա։
Ինչպես հաղորդում է Xinhua-ն, Աբբաս Արաղչին, իր հերթին, նշել է Իրանի և Չինաստանի միջև հաստատուն բարեկամությունը, ինչպես նաև հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ խորացնելու փոխշահավետ համագործակցությունը, ընդլայնելու բազմակողմ համակարգումը և պաշտպանելու ընդհանուր շահերը: