Բաժիններ՝

Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի գնումները

Չինաստանը մարտին դադարեցրել է ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի գնումը՝ միաժամանակ ավելացնելով դրա ներկրումը Ավստրալիայից, Ինդոնեզիայից և Բրունեյից։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին Չինաստանի մաքսատան տվյալների վերլուծության հիման վրա։

2024 թվականին ԱՄՆ-ն Չինաստանի շուկա հեղուկացված բնական գազի հիմնական մատակարարների հնգյակում էր, այն Չինաստան է արտահանել 4,15 միլիոն տոննա վառելիք՝ 2,4 միլիարդ դոլարի դիմաց։ Դեռ 2025 թվականի հունվարին ՉԺՀ-ն ամերիկյան ընկերություններից գնել է 194,2 հազար տոննա գազ՝ 125,4 միլիոն դոլարով, բայց արդեն փետրվարին մի քանի անգամ պակաս՝ 65,8 հազար տոննա (31,4 միլիոն)։

Մարտին Չինաստան ՀԲԳ մատակարարողների թվում ԱՄՆ-ն առհասարակ չի եղել: Սա առաջին նման ընդմիջումն է 2022 թվականի հունիսից ի վեր։

Հեղուկացված բնական գազի պակասող ծավալները Չինաստանը լրացրել է տարածաշրջանային հարևաններից գնումներն ավելացնելու հաշվին։ Խոշորագույն մատակարարների թվում արտահանումն ավելացրել է Ինդոնեզիան՝ նախորդ ամսվա համեմատ 1,7 անգամ, հասցնելով 330,7 մլն դոլարի, ինչպես նաև Ավստրալիան՝ 18 տոկոսով, հասցնելով 778,4 մլն դոլարի: Բացի այդ, մարտին Չինաստանը վերսկսել է ներմուծումը Բրունեյից 51 մլն դոլարի չափով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին հրամանագիր է ստորագրել այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին, ինչի արդյունքում սկսել է գործել Չինաստանի դեմ ամենաբարձր դրույքաչափերից մեկը՝ 54 տոկոս: Դա հանգեցրել է երկու երկրների միջև առևտրային պատերազմի կտրուկ սրմանը։ Ներկայումս ԱՄՆ-ում չինացի արտահանողների համար մաքսատուրքը հասել է 145 տոկոսի, իսկ ՉԺՀ-ում ամերիկացի մատակարարների համար՝ 125 տոկոսի։

Առանձին փորձագետներ ՌԻԱ Նովոստիին ասել են, որ մաքսատուրքերի այս մակարդակը նշանակում է աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև առևտրի փաստացի դադարեցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս