
Այդ շահարկումները բարոյական չեն. փորձում են սեփական ձախողումները բարդել ուրիշների վրա. Շահրամանյան
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահություն հայտնեց, որ հասարակությունն իր գնահատականը կտա այն մարդկանց, ովքեր թալանի մասին են խոսում, կեղծ օրակարգեր են առաջ քաշում, բայց անձամբ իրենք են այդպիսին:
Նա շեշտեց, որ Արցախից բռնի տեղահանությունից հետո մինչև այսօր ՀՀ իշխանությունների հետ որևէ առնչություն չունեն. «Այսպիսի պահվածքը, որ մենք մեզ օտար ենք զգում, անթույլատրելի է»:
Նա դատապարտեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններն արցախցիների վերաբերյալ:
Հարցին՝ Ձեզ մեղադրում են Արցախի լուծարման հրամանագիրը ստորագրելու մեջ, կա՞ր այլընտրանք, կարո՞ղ էիք դա չանել, և ո՞րն էր դրա գինը, նա պատասխանեց. «Դուք հիմա, որ այսպես նայում եք, Արցախի Հանրապետությունը լուծարվա՞ծ է: Սպառիչ պատասխան ենք տվել դրան՝ հաշվի առնելով նաև շահարկումները, որոնք իրականացվում են թե՛ ՀՀ ԱԳՆ, թե՛ ԱԺ-ում տարբեր իշխանական պատգամավորների կողմից»:
Դիտարկմանը՝ ասում են՝ Սոֆիայի փոխարեն՝ նախընտրեցիք Եվլախը, եթե գնայիք Սոֆիա, ՀՀ իշխանություններն էլ կաջակցեին ձեզ, նա արձագանքեց. «Սոֆիայի հարցը շատ է շահարկվում, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Ի՞նչ է նշանակում՝ չեք գնացել Սոֆիա՝ Ադրբեջանը ձեր վրա հարձակվել է: Ադրբեջանը նման իրավունք չունի»:
Հարցին՝ ինչո՞ւ չեք գնացել Սոֆիա, նա պատասխանեց. «Այդ ժամանակ նախագահ է եղել Արայիկ Հարությունյանը, այդ հարցը քննարկել ենք անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, մենք տվել ենք դրական պատասխան, որ պատրաստ ենք գնալ: Բացի դրանից, Սոֆիայի առաջարկից հետո 15 օր անց եղել է Բրատիսլավայում առաջարկ հանդիպելու, որը մենք ընդունել ենք, և մեր պատվիրակությունը գնել է տոմսերը այնտեղ գնալու, և Ադրբեջանը դա մերժել է: Այդ շահարկումները կապված են՝ փորձել սեփական քաղաքական, դիվանագիտական ձախողումները բարդել ինչ-որ մեկի վրա: Այդ շահարկումները բարոյական չեն, քանի որ Արցախի տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակահատվածներում ուղիղ բանակցել են ադրբեջանական կողմի հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում