Բաժիններ՝

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը թողնում է պաշտոնը

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը, որը նշանակվել էր ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից, հրաժարական է տվել։

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսն ապրիլի 10-ին հաստատել է այդ տեղեկությունը:

«Բրինքն Ուկրաինայի դեսպանատանը դեսպան էր երեք տարի, պատերազմի ժամանակաշրջանում…. Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ պատերազմն ավարտվի. դա մեր առաջնահերթությունն է», – խոսնակի ճեպազրույցն է տարածել Պետքարտուղարությունը։

Բրյուսի խոսքով՝ Կիևում գտնվելու երեք տարվա ընթացքում Բրինքն «ակնառու արդյունքների է հասել»։

The Associated Press գործակալությունը նշում է, որ Բրինքի հրաժարականն արդեն սպասելի էր, հատկապես հաշվի առնելով ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ մերձեցման ծրագիրը և ձգտումը՝ հասնելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հնարավորինս շուտ դադարեցման։

Մասնագիտությամբ դիվանագետ Բրիջիթ Բրինքը Կիևում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնն ստանձնել է 2022 թ. մայիսին։ Նա Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնություն ցուցաբերելու մեծ ջատագով է։

Reuters-ի աղբյուրները նշել են, որ նա Ուկրաինայում դեսպանի պաշտոնը թողնում է սեփական ցանկությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս