
Թրամփի սահմանած մաքսատուրքերը չեն տարածվում նավթի և այլ էներգակիրների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը չեն տարածվում նավթի, գազի և վերամշակված արտադրանքի ներմուծման վրա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է, որ 10% բազային մաքսատուրքեր է սահմանում Միացյալ Նահանգներ ներկրվող բոլոր ապրանքների համար և ավելի բարձր մաքսատուրքեր՝ երկրի տասնյակ խոշորագույն առևտրային գործընկերների համար։ Այնուամենայնիվ, ինչպես հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, այս նոր միջոցները չեն տարածվի Կանադայից և Մեքսիկայից, ինչպես նաև ցանկացած այլ երկրից էներգակիրների ներմուծման վրա։
Կանադան և Մեքսիկան ԱՄՆ ներկրվող նավթահումքի երկու խոշորագույն աղբյուրներն են, իսկ Եվրոպան մեծ քանակությամբ վառելիք է ներմուծում ԱՄՆ արևելյան ափ, որտեղ նավթավերամշակման գործարանների պակաս կա:
Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել է ԱՄՆ արտաքին առևտրային գործընկերների նկատմամբ փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու իր որոշման մասին։
«Սրանք փոխադարձ մաքսատուրքեր են։ Եթե նրանք մեր դեմ մաքսատուրքեր ունեն, ապա մենք մաքսատուրքեր ենք սահմանում նրանց դեմ», – ասել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։Թրամփը հավելել է, որ ամերիկյան մաքսատուրքերը «ամբողջովին փոխադարձ չեն լինի»։
Նա ցույց է տվել աղյուսակ, որտեղ երևում էր, թե ԱՄՆ-ի նկատմամբ ինչ մաքսատուրքեր են գործում այլ երկրներում և ինչ է սահմանում ԱՄՆ-ն ի պատասխան դրանց:
Ըստ աղյուսակի՝ Չինաստանում ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը միջինում կազմում են 67%, իսկ ԱՄՆ պատասխան մաքսատուրքերը կկազմեն 34%։ ԵՄ մաքսատուրքերը գնահատվում են 39%, պատասխան մաքսատուրքերը կկազմեն 20%: Ճապոնիայից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերը կազմում են 46%, պատասխան մաքսատուրքերն ԱՄՆ-ից՝ 24%։
Ամերիկյան ապրանքների վրա հնդկական մաքսատուրքերը գնահատվում են 52%, պատասխան մաքսատուրքերը՝ 26%։«Եթե ցանկանում եք, որ մաքսատուրքերը լինեն 0 տոկոս, ապա ձեր ապրանքներն արտադրեք այստեղ՝ ԱՄՆ-ում», – ասել է ԱՄՆ նախագահը։