Բաժիններ՝

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդը պահանջում է ԱՄՆ պաշտպանության նախարարի հրաժարականը սկանդալի ֆոնին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական ​​փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում պահանջել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին պաշտոնանկ անել աղմկահարույց ​միջադեպից հետո, երբ լրագրողը մեսենջերում մասնակցել է ռազմական պլանների քննարկմանը: Այս մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը:

«Փիթ Հեգսեթն ամենաքիչ որակավորում ունեցող պաշտպանության նախարարն է Ամերիկայի պատմության մեջ: Պենտագոնում բարձրագույն ղեկավարի պաշտոնում նրա հետագա գտնվելն սպառնում է ազգային անվտանգությանը և վտանգի ենթարկում զինվորական համազգեստով մեր խիզախ տղամարդկանց ու կանանց ամբողջ աշխարհում», – գրել է Ջեֆրիսը:

Իր հերթին CNN-ը գրում է, որ ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Ռեթքլիֆը և Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ հերքել են, որ չաթում գաղտնի տեղեկատվություն է եղել:

«Այդ խմբային չաթում երբեք ոչ մի գաղտնի կամ հետախուզական տվյալներ չեն եղել», – հայտարարել է Գաբարդը:

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Signal մեսենջերում ինքն է ստեղծել խմբաին չաթը և ստանձնում է պատասխանատվությունը դրա համար։

Թրամփն իր հերթին հայտարարել է, որ վստահում է իր թիմին։ Ավելի վաղ The Atlantic-ի գլխավոր խմբագիր, լրագրող Ջեֆրի Գոլդբերգը հոդված էր հրապարակել այն մասին, որ պատահաբար հայտնվել է Signal-ի աշխատանքային չաթում, որտեղ պաշտոնյաները քննարկել են ԱՄՆ զինված ուժերի հարվածները Եմենի հութիների ուղղությամբ: Գոլդբերգի խոսքով՝ չաթում, բացի Ուոլցից, եղել են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս