Էրդողանը նման իրավիճակներից դուրս գալու վարպետ է և փորձում է սանձել իր հակառակորդին․ Ռուբեն Սաֆրաստյանը՝ Թուրքիայում տիրող իրավիճակի մասին

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն բավականին հեռանկարային քաղաքական գործիչ է, ուստի Էրդողանը նրա մեջ տեսավ հավանական հակառակորդ ։

Ռուբեն Սաֆրաստյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը,  դրան հաջորդած  բողոքի զանգվածային ակցիաներին երկրի խոշոր քաղաքներում,, ինչպես նաև Թուրքիայում ստեղծված իրավիճակի հնարավոր հանգուցալուծման տարբերակներին։

Խոսելով Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության մասին՝ Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ դրա առաջնային պատճառը քաղաքական է. «Էրդողանն ուղղակի վախեցավ, որ ի դեմս Իմամօղլուի՝ կարող է իսկապես առնչվել լուրջ հակառակորդի հետ։ Այդ պատճառով մեղադրանքներն արդեն իսկ վախի հետևանք են։ Բայց մյուս կողմից էլ այդ մեղադրանքները շատ լուրջ են ու, կարծես, հիմնավորված»,- ասաց Սաֆրաստյանը։

Նրա կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը պատրաստ չէր, որ այդպիսի համեմատաբար լայն ընդվզում կլինի, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Էրդողանը չի ընկրկում նման ճգնաժամային իրադրությունների առջև, քանի որ ինքն է ստեղծել այդ ճգնաժամը և գիտի այն հաղթահարելու ձևը։

«Գուցե, անսպասելի էր ներքաղաքական զարգացումների լայնածավալ բնույթը, սակայն Էրդողանն, անշուշտ, մտածված գնաց այդ քայլին։ Առհասարակ չպետք է գերագնահատել այս ընդվզումների ծավալները Թուրքիայում, որովհետև դրանք, ի վերջո, չեն ընդգրկել ամբողջ երկիրը։ Ճիշտ է, գնալով ալիքն ուժեղացավ, բայցևայնպես շարժումը բազմամիլիոն չէ, ինչպես եղավ 2013 թվականին»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Սաֆրաստյանը բացառեց դրսի ուժերի կողմից իրադարձություններն ուղղորդելու սցենարը։ Ըստ նրա՝ Թուրքիայում իրավիճակն այնպիսին չէ, որ արտաքին ուժերը կարողանան օգտվել իրավիճակից, առավել ևս, որ լարվածության ահագնացող մակարդակ դեռ չկա։

«Ո՞վ է դրանից շահելու։ Նույնիսկ ԱՄՆ-ի նոր վարչակարգն է Էրդողանին քարտ-բլանշ տվել Մերձավոր Արևելքում։ Վերջերս Վաշինգտոնից հնչեցին համապատասխան հայտարարություններ, որոնց համաձայն՝ Մերձավոր Արևելքում ամերիկացիների թողած վակուումը, նրանց իսկ համաձայնությամբ, լրացնում է Թուրքիան, ինչը փաստորեն մտնում է Թրամփի վարչակազմի ծրագրերի մեջ»,- ասաց թուրքագետը։

Նա հավելեց, որ Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները պայմանավորված չեն լոկ Իմամօղլուի ձերբակալությամբ, այլ կապված են սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի հետ։

«Թուրքիայում տնտեսական վիճակը բավականին լարված է, որովհետև բնակչության լայն խավերը դժգոհ են սոցիալական վիճակից, որում հայտնվել են՝ կապված թուրքական լիրայի գահավիժման հետ։ Դա, ինչ խոսք, իր դերը խաղում է, և Էրդողանի տնտեսական քաղաքականության նկատմամբ բողոքը գնալով մեծանում է։ Բայց մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ վերջին ամիսներին ֆինանսների նախարարության ջանքերով իրավիճակը փոքրիշատե շտկվում էր, սակայն այս օրերի զարգացումները հանգեցրին ազգային տարադրամի ավելի ուժեղ անկման։ Այդուհանդերձ, այս տարվա տնտեսական աճի կանխատեսումները բավականին դրական են, և կարող է արձանագրվել մոտ երեք տոկոսի աճ»,- նշեց մեր զրուցակիցը։

Սաֆրաստյանի կանխատեսմամբ՝ իրադարձությունները կհանգուցալուծվեն այնպես, որ Էրդողանին կհաջողվի սանձել իր դեմ ուղղված բողոքի ալիքը՝ կապված Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ։

«Մոտ օրերս բողոքի ալիքը կթուլանա և կվերանա։ Ժողովրդահանրապետական կուսակցությունը փորձեց օգտվել այդ հանգամանքից և բարձրացնել ընդվզման ալիք։ Չեմ կարծում, որ դրանով իսկ այդ քաղաքական ուժի դիրքերը կամրապնդվեն։ Էրդողանը նման իրադրություններից դուրս գալու վարպետ է և դա ապացուցեց նաև 2016 թվականի հեղաշրջման փորձի ժամանակ։ Նա, ըստ էության, կանխատեսել էր այն, ինչ տեղի ունեցավ և ամեն դեպքում ազատվում է հիմնական հակառակորդից։ Էրդողանն, ըստ ամենայնի, պատրաստվում է Թուրքիայում անցկացնել արտահերթ համապետական ընտրություններ, քանի որ այդ դեպքում հնարավորություն կունենա իր թեկնածությունը նորից առաջադրել նախագահի պաշտոնում։ Գործը դրան է գնում, և Էրդողանը հենց դրան է նախապատրաստվում»,- եզրափակեց թուրքագետը։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ Թուրքիայում ձերբակալվել է 350 մարդ։ Ստամբուլում և Անկարայում, ի պաշտպանություն Էքրեմ Իմամօղլուի, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ, իսկ ուսանողները կոտրել են երկաթե բարիկադները:

Դատարանը որոշում է կայացրել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման վերաբերյալ՝ կոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Նա հերքել է իրեն ներկայացված մեղադրանքը՝ հայտարարելով, որ այն քաղաքական բնույթ է կրում: Դատարան են ուղարկվել 91 մարդու, այդ թվում՝ Իմամօղլուի կալանավորման միջնորդություններ։ Նրանցից մի քանիսի վերաբերյալ որոշումներն արդեն իսկ հրապարակվել են։ Ձերբակալվածների թվում են նաև Ստամբուլի պլանավորման գործակալության նախագահ, դոցենտ, դոկտոր Մեհմեդ Չավուշօղլուն, գործարարներ և այլոք:

Տեսանյութեր

Լրահոս