
ԵԱՏՄ-ն երեք տարով երկարացրել է գորգերի արտադրության համար լատեքսի ներմուծման զրոյական մաքսատուրքը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան երկարացրել է գորգերի արտադրության համար օգտագործվող լատեքսի ներմուծման զրոյական մաքսատուրքը։ Այս մասին հաղորդել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել երկարաձգել գորգերի արտադրության համար լատեքսի ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի գործողության ժամկետը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ», – ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ ԵԱՏՀ-ի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման գերատեսչության տնօրեն Վահագն Ղազարյանի՝ այս միջոցը դրական է անդրադառնում համապատասխան ձեռնարկությունների վրա։
«Մաքսասակագնային կարգավորման միջոցը բարձրացնում է հումքի մատչելիությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրների գորգեր և գորգային արտադրանք արտադրող ձեռնարկությունների շահութաբերությունը, ինչը թույլ է տալիս ստեղծել պայմաններ ներքին շուկայում հայրենական արտադրանքի բաժնի ավելացման համար», – նշել է Վահագն Ղազարյանը, որի խոսքը մեջբերված է հաղորդագրության մեջ:
Նա նաև ընդգծել է, որ գորգերի արտադրության համար լատեքսի կարիքը ներկայում բավարարվում է բացառապես ներմուծման մատակարարումների հաշվին։
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր անց և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից կատարվող իրավահարաբերությունների վրա: