
Փաշինյանը պարզապես վառոդը պահում է իր ձեռքում. Մամիկոն Ասլանյան
«Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ազգային ընդդիմադիր ուժերի հաղթանակը կարող է շատ բան փոխել առաջին հերթին մարդկանց գլխում։ Մարդկանց գլխում փոփոխություն բերելուց հետո կարող է նաև կուտակել զգալի էներգիա՝ հետագայում այլ գործընթացներ գեներացնելու նպատակով, սակայն միանշանակ ասել, թե Գյումրիում իշխանությունը պարտվեց, կպարտվի նաև համապետական ընտրությունների ժամանակ, սխալ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց Վանաձորի նախկին և ընտրությունների արդյունքներով վերընտրված, ապա 2 տարի 7 ամիս բանտում անցկացրած Մամիկոն Ասլանյանը։
Ըստ նրա՝ աներկբա է մեկ բան՝ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես արհամարհում է ՏԻՄ-երի դերակատարումը, այդ ինստիտուտի նկատմամբ որևէ հարգանք չունի, ինչը վկայող ապացույցները տասնյակներով են։
«ՏԻՄ ընտրությունների ժամանակ մարդկանց քվեն ստացած, հաղթած թեկնածուները հայտնվել են փաշինյանական քինախնդրության թիրախում, ապա՝ բանտում։ Հաղթողները ենթարկվել են քաղաքական հետապնդումների։ Ինքս եմ տեսել, թե ինչպես է նա վերաբերվում ընտրված համայնքապետերին, ինչպես է նրանց տեռորի ենթարկում։ Փաշինյանը պարզապես վառոդը պահում է իր ձեռքում, որ երբ ուզի՝ պայթացնի։
Նա այսօր հաղթաթուղթ է դարձրել այն, թե իրենք ընտրություններ չեն կեղծում, բայց չէ՞ որ ընտրություն կեղծելը միայն քվեաթերթիկ կեղծելը չէ։ Դու ամբողջ պետական համակարգը միացնում ես, որ ընտրությունների արդյունքներն ավագանիում չնյութականանան, և դրանով ես կեղծում, կեղծում ես, երբ գործի ես դնում կեղծ փաթեթավորմամբ քրեական գործեր և դրանցով հագուրդ ես տալիս մանր թափթփուկների՝ ավագանիում հայտնվելու ցանկություններին»,- ասաց Մամիկոն Ասլանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։