«ՀՀ-ում արտաքին ուղղակի ներդրումների «երաշտ» է, չկան ներդրումային խոշոր ծրագրեր, իսկ ուրվագծվողները կամ «ցրցամ» տրվածներն էլ տապալվել են, արգելակվել, դանդաղել»

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.  Ի վերջո, երբ ես ի ցույց եմ դնում տեղեկությունը, որ Ադրբեջանում ֆրանսիական ներդրումները մի քանի անգամ ավելին են, քան Հայաստանում, անգիտություն, տկարամտություն է կարծել, թե Ֆրանսիան կարող է Ադրբեջանի հանդեպ ունենալ առավել բարյացկամ կամ բարեհաճ տրամադրվածություն, քան Հայաստանի հանդեպ: Ավելին, Ֆրանսիան բարյացկամ եւ ջերմ է Հայաստանի հանդեպ:

Բայց հարցն այն է, որ Ֆրանսիան ունի շահեր եւ գործում է ըստ այդ շահերի: Եվ եթե դրանք չափում ենք ներդրումների սանդղակով, ապա Հայաստանում ֆրանսիական ներդրումների սակավությունը ոչ թե այն պատճառով է, որ Ֆրանսիան չի ուզում անել այդ ներդրումները, կամ ուզում է Ադրբեջանում անել ավելի շատ ներդրում, այլ որովհետեւ Ադրրբեջանն այդ հարցում ավելի լավ է աշխատում ֆրանսիական ներդրումային շրջանակների հետ, քան Հայաստանը:

Դրա ցուցիչն է այն, որ Հայաստանում ընդհանրապես արտաքին ուղղակի ներդրումների ըստ էության «երաշտ» է: Չկան ներդրումային խոշոր ծրագրեր, իսկ ուրվագծվողները կամ «ցրցամ» տրվածներն էլ տապալվել են, արգելակվել, դանդաղել:

Եվ ինչի՞ մասին կարող է լինել խոսքը, եթե, օրինակ, ավելի քան մեկ շաբաթ կարող է հարկադիր պարապուրդի մատնվել երկրի խոշորագույն ձեռնարկությունը՝ Զանգեզուրի կոմբինատը, որը նաեւ թիվ մեկ հարկատուն է, որի ամեն մի պարապուրդի մատնված օրը տնտեսությանն ու նաեւ պետական բյուջեին կարող է արժենալ հարյուրավոր միլիոն դրամներ:

Եվ ինչի՞ պատճառով է այդ պարապուրդը: Պարապուրդի պատճառն ըստ էության գործադուլի անվան տակ ծավալված բավականին ակնառու սաբոտաժն է, որտեղ նաեւ նշմարվում էին ինչ-որ քաղաքական հաշվարկներ եւ կոնյուկտուրային շահեր:

Եվ պետությունը, կառավարությունն այդ իրավիճակին նայում էր շատ հանգիստ: Եվ ավելին, ինչպես օրերս հրապարակվել էր մամուլում, վարչապետ Փաշինյանի մոտ կայացած՝ «Իրական Հայաստանի», այսպես կոչված, հայեցակարգի թեմայով հանդիպումներից մեկում մասնակիցների առաջին շարքերում են եղել Զանգեզուրի կոմբինատի աշխատանքը գրեթե տասը օր կաթվածահար արած եւ տնտեսությանն ու բյուջեին հարյուրավոր միլիոն դրամների վնաս պատճառած գործադուլային ակցիայի առավել ակտիվ կազմակերպիչները:

Դա կառավարական շրջանակների «խոստովանությո՞ւնն» է՝ խոշորագույն կոմբինատի պարապուրդի հասցրած իրավիճակի կապակցությամբ, թե՞, այսպես ասած, անփութությունն ու անտարբերությունը տնտեսության խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկի, խոշորագույն ընկերության գործունեության առնչությամբ:

Երկու դեպքում էլ դա, մեղմ ասած, վատ ազդակ է ցանկացած արտաքին ներդրողի համար:

Եթե որեւէ մեկին թվում է, թե դրանք մանրուքներ են, ապա դա, մեղմ ասած, թյուր պատկերացում է տնտեսության եւ հատկապես ներդրողների զգայունության վերաբերյալ: Մարդիկ, որոնք պետք է այս կամ այն երկրում ներդրման համար օգտագործեն իրենց, կամ իրենց վստահությամբ ներգրավվող հսկայական կապիտալը, ուշադրության են արժանացնում ցանկացած՝ ամենափոքր մանրուքներին անգամ:

Որովհետեւ նրանք ռիսկի են ենթարկում ոչ թե, այսպես ասած, հարկատուների փողերը, այլ իրենց անձնական միջոցները եւ հեղինակությունը: Հետեւաբար, նրանց համար որեւէ երկրի մասին ներդրումային պատկերացում կազմելու հարցում էական է ամենափոքր մանրուքն անգամ»:

Տեսանյութեր

Լրահոս