
Առանց դատարանի որոշման՝ ինչ ուզում` անում են․ Մտածում եմ՝ էս 70 մեդալը տանեմ ՊՆ-ին հետ տամ․ Խաչատրյան
Երևանում Մուրացան 110/1 հասցեում գտնվող շենքը, որի բնակիչները հիմնականում զոհվածների ընտանիքներ են, հանվել է աճուրդի։
Զոհվածների մայրերը, այրիներն այժմ իրենց խնդիրն են բարձրացնում «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գրասենյակում։
Բնակիչները դատական գործընթացի մեջ են, սակայն պետգույքի կառվարման կոմիտեն, ինչպես պնդում են բնակիչները, հոգեբանական ճնշում է գործադրում. շենքը հոսանքազրկել է։
«Ասում են՝ ինչու ես բերել, ստեղ ապրո՞ւմ են, որ հոսանքի խնդիր էլ բարձրացնում ես»,-ասաց Մարգարիտա Խաչատրյանը։
Նա հաստատեց, որ շենքը ՊՆ-ի հաշվեկշռից հանվել է և տրվել Պետգույքի կոմիտեին, որն էլ դրել է աճուրդի։
«Անձամբ համակարգող խորհուրդը ինքնակամ չի եկել և չի բնակեցրել այս տարածքը։ Մեզ հասցեն տրամադրել է ՊՆ-ն, և ինձ երբ որ հատկացրել է այս տարածքը՝ 78 ՀԿ-ների հետ, նաև հրաման է արձակել, որ վարչության պետերը պետք է աջակցեին համակարգող խորհուրդին՝ զորքերում տարբեր ծրագեր իրականացնելուն, նաև մշակութային, սոցիալական։ Այս ՀԿ-ները մեզ հետ զորամասից զորամաս են գնացել, դիքից դիրք»,-ասաց նա։
Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ այժմ իր ՀԿ-ն հրաման չունի իր կազմակերպության գործունեությունը շարունակելու։
«Եկել են, ասում են՝ տիկին Մարգարիտա, քեզ վտարում ենք շենքից, ոստիկանություն է գալիս, վտարման հրաման ենք ստացել պետգույքի նախարարությունից, այնտեղից էլ ասեցին, որ հրաման են կատարում»,-ասաց նա։
«Զինվոր» հասարակական խորհրդի նախագահը նշեց, որ ստիպված դատարն են դիմել։
«Բայց դեռ որոշում չկա դատարանից, արդեն հոսանքազրկել են շենքը, գալիս են, ասում՝ շենքից դուրս եկեք, կամ եկեք դուք գնեք, 400 մլն հավաքեք, թող իրենք էլ ապրեն, եթե բան է։ ՀԿ-ն ինչ եկամուտ ունի, որ 400 մլն տա։ Հիմնական խավը զոհվածի ընտանքիներ են, լավ վիճակից չի, որ եկել են»,-ասաց նա։