
Պարո՛ն Զարոկյան, ինձ մանիկյուր կամ պեդիկյուր չեն արել ո՛չ ինքնաթիռում, ո՛չ էլ առհասարակ. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորում է ստուգել իր լրացրած բոլոր հայտարարագրերը, որպեսզի պարզ լինի, թե ինչպես է փոխհատուցել ԱՄՆ կատարած այցի ավիատոմսի գումարը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի վերջին Տիգրան Ավինյանը մեկնել էր ԱՄՆ՝ Լոս Անջելես, որի տոմսն արժեցել էր 7 միլիոն 650.000 դրամ (շուրջ 20 000 ԱՄՆ դոլար։
Այսօր ավագանու նիստում ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը հետաքրքրվեց` ինչպե՞ս է Ավինյանը իր գրպանից տվել ԱՄՆ ուղևորության տոմսի փողը, երբ նրա տարեկան աշխատավարձը 30-32.000 դոլար է։
«Աղմուկ բարձրացավ, որ բիզնես դասի տոմսերն իրականում արժեն 4000-5000 դոլար, բայց վճարվել է 20.000 դոլար։ Աղմուկը զսպելու համար, դուք ասացիք, որ վերադարձրել եք գումարը։ Այստեղ կարող է 2 տարբերակ լինել` առաջինը` դուք բիզնես դասով եք մեկնել, ու վճարվել է 5000 դոլար, մեկ անձ էլ 15 000 դոլար «ատկատ է» ստացել, երկրորդ տարբերակն էլ` առաջին դասով եք մեկնել, որտեղ գնի մեջ մտնում է խավիար, մահճակալ, մանիկյուր, պեդիկյուր են անում, չգիտեմ, դուք ավելի լավ կիմանաք»,- նշեց Զարոկյանը։
Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ կարող են վերցնել 2017 թվականից լրացված իր հայտարարագրերը և բոլոր հարցերի պատասխանները կստանան։
«Անկեղծ ասած, ինձ երբևէ մանիկյուր և պեդիկյուր չեն արել ո՛չ ինքնաթիռում, ո՛չ էլ առհասարակ։ Ես այդ գումարը վճարել եմ ոչ թե նրա համար, որ տոմսի գինն էր բարձր, այլ ուղղակի եթե մեր աշխատողները մի փոքր լավ աշխատեին, այդ տոմսի գինն այդքան չէր լինի»,- ասաց Ավինյանը։