
Սիրիայի հետ կապված` Թուրքիայի հետ ունեցել ենք կոնկրետ քննարկումներ․ Փաշինյան

Սիրիայի հետ կապված` Թուրքիայի հետ ՀՀ իշխանություններն ունեցել են կոնկրետ քննարկումներ և խոսակցություններ, և եթե ոչինչ չխանգարի, ապա կլինեն նաև կոնկրետ դրսևորումներ։ Այս մասին թուրքական 10 լրատավամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ այն հարցին, թե Սիրայում շատ հայեր են ապրում, ու այնտեղ Թուրքիան մեծ ազդեցություն ունի, արդյոք սա մի դաշտ է, որտեղ ՀՀ իշխանությունները տեսնում են Թուրքիայի հետ համագործակցելու հնարավորություն, որպեսզի, օրինակ, հայ համայնքին հնարավոր լինի հասցնել օգնություն կամ միջազգային այլ հարցերում համագործակցել։
Որպես Թուրքիայի հետ համագործակցության վառ օրինակ՝ Փաշինյանը նշեց, որ ԵԱՀԿ քարտուղարի ընտրություններում շատ կոնկրետ համագործակցություն են ունեցել։
«Մենք 3-րդ երկրների ինքնիշխանության հարցերին միջամտելու իրավունք չունենք, սակայն մենք անհանգստացած ենք Սիրիայի հարցով, քանի որ անհանգստացնող լուրեր են գալիս այնտեղից։ Սիրայի հարցով համագործակցության խոսակցություն ու օրակարգ կա, որը ծավալուն չէ, սակայն կա»,- ընդգծեց նա։
Փաշինյանը նշեց, որ Սիրիայում ունենք հայկական մեծ համայնք ու ցավոք, վերջին տարիների իրադարձություններով պայմանավորված, շատերը եկել են Հայաստան։ Նրա խոսքով՝ այսօր ՀՀ իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի հասկանան՝ ինչ կարող են անել թե՛ Սիրիայում, թե՛ Լիբանանում հայ համայնքի համար հնարավորինս լավ պայմաններ ապահովելու համար։