
Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց համար պետք է բացեն կոմունիկացիաները. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց համար կոմունիկացիաները բացելու անհրաժեշտությունը, այսինքն՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով։
Այս մասին Փաշինյանը խոսել է Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով նոյեմբերի 9–ի հայտարարության և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հարցին՝ վարչապետը նախ ընդգծել է, որ Հայաստանի համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: «Նախ, որովհետև Հայաստանն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի, և, երբ նման արտահայտություն է օգտագործվում, Հայաստանի Հանրապետությունում դա ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», – ասել է Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրել է այդ թեմայով վերջերս հրապարակված իր հոդվածը, որի հիմնական իմաստն այն էր, որ Հայաստանը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից է: Եվ առաջին հերթին Հայաստանն է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակիցը, որովհետև իրականում շրջափակման մեջ է: