ՌԴ-ն ընդլայնել է ԵՄ ներկայացուցիչների ցանկը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է. ԱԳՆ

Ռուսական կողմը, ի պատասխան պատժամիջոցների 16-րդ փաթեթի, ընդլայնում է եվրոպական ինստիտուտների և Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելված է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Ի պատասխան այդ ոչ բարեկամական քայլերի՝ ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է եվրաինտիտուտների և Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների ցանկը, որոնց 1996 թվականի օգոստոսի 15-ի «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» Դաշնային օրենքի համաձայն արգելվում է մուտք գործել մեր պետության տարածք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պատժամիջոցների տակ են հայտնվել՝

  • ԵՄ ուժային գերատեսչությունների, պետական և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ,
  • ԵՄ քաղաքացիներ, որոնք պատասխանատու են Ուկրաինային ռազմական օգնության, Բալթիկայում ռուսական նավերի և բեռների շրջափակման համար, ինչպես նաև ՌԴ տարածքային ամբողջականության խախտմանը նպաստող գործունեություն են ծավալում,
  • ԵՄ երկրների պետական մարմինների և եվրակառույցների ներկայացուցիչներ, որոնք ներգրավված են ՌԴ պաշտոնատար անձանց հետապնդման մեջ, զբաղվում են Ռուսաստանի ղեկավարության համար «տրիբունալի» ստեղծմամբ, հանդես են գալիս պատժամիջոցներ սահմանելու և ակտիվները բռնագրավելու օգտին,
  • քաղաքացիական ակտիվիստներ և գիտական հանրության ներկայացուցիչներ, որոնք աչքի են ընկել ռուսատյաց հռետորաբանությամբ,
  • ԵՄ երկրների և Եվրախորհրդարանի պատգամավորներ, որոնք քվեարկել են Ռուսաստանի դեմ բանաձևերի և օրինագծերի օգտին:

Բացի այդ, սև ցուցակում հայտնվել են Եվրոպայի խորհրդի կառույցների առանձին ներկայացուցիչներ, որոնք աչքի են ընկել հակառուսական ակտիվությամբ։

Տեսանյութեր

Լրահոս