Բաժիններ՝

ԿԳՄՍՆ-ն իր ստեղծած կենտրոնին նորից դրամաշնորհ հատկացրեց, այս անգամ՝ 192 մլն 275.400 դրամի չափով

Կրթության, Գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հերթական դրամաշնորհն է տրամադրել՝ այս անգամ «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։ Ի դեպ, 2024 թվականին ԿԳՄՍՆ առաջարկով ստեղծված ՓԲԸ-ն արդեն 4-րդ դրամաշնորհն է ստանում։

Այսպիսով, «Սպորտի կառավարման կենտրոն»-ը նախարարությունից 2024 թվականի դեկտեմբերին ստացել է 38 միլիոն 744.000 դրամ դրամաշնորհ, 2025 թվականի հունվարին՝ 148 միլիոն 970.006 դրամ, փետրվարին՝ 10 միլիոն 363.000 դրամ, իսկ վերջին պայմանագիրն արդեն կնքվել է մարտ ամսի սկզբին, իսկ պայմանագրի գինն այդ անգամ արժեցել է 192 միլիոն 275.400 դրամ։

Ի դեպ, միջոցառումները, որոնց համար արվում են այս հատկացումները, շատ ընդհանրական են, օրինակ, վերջին պայմանագրի դեպքում նշվում է, որ այս գումարը պետք է ծախսվի սպորտային միջոցառումների կազմակերպման ու ՓԲԸ գործունեության ապահովման համար։ Անհասկանալի է, թե այդ դեպքում ինչո՞վ պետք է զբաղվի ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալը, կամ՝ նախարարության Սպորտի քաղաքականության վարչությունն ու մշակութային և սպորտային ծրագրերի ֆինանսավորման բաժնի պետը։

Հիշեցնենք՝ դեռ 2024 թվականի մայիսին կառավարությունը հավանության արժանացրեց «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու որոշումը: Հարցը զեկուցել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կարդացեք նաև

Վերջինի խոսքով՝ կենտրոնի ստեղծման նպատակը մարզակառույցների միասնական գույքային կառավարումն ու սպորտի ոլորտում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացումն է:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ Մանանդյան 41 հասցեում տեղակայված նախկին «Միկա» մարզահամալիրը (2,89 հա հողամաս- 3658,9 քմ պետական գրանցում ստացած և 5421,5 քմ ինքնակամ շինություններ՝ մարզադաշտ և կից սպորտային համալիր 2 մարզադահլիճներով, վարչական մաս), ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում կառուցված Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը և 0.12 հեկտար մակերեսով հողամասը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից փոխանցվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել նորաստեղծ Սպորտի կառավարման կենտրոնին:

Տեսանյութեր

Լրահոս