
Այս անարդարությունը մեզ բոլորիս է ուղղված. բաց նամակ

Բաց նամակ՝ բոլոր հայերին ի աջակցություն Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների
Ինքնության ամենամեծ դրսևորումը ազգապահպանության գաղափարն է, և եթե մենք ունենք հնարավորություն ընտրելու մեր մասնագիտությունը կամ անձնական կյանքը, ապա ազգային պատկանելությունը մեր արյան ու էության անբաժանելի մասն է՝ մեր ճակատագիրը, մեր ուժն ու պատասխանատվությունը։
Եվ այս պատասխանատվությունը մեզ պարտավորեցնում է լինել միասնական, պաշտպանել ու աջակցել միմյանց, անկախ մեր գտնվելու վայրից, քաղաքական հայացքներից կամ քաղաքացիությունից։ Այսօրվա իրականության մեջ ազգային ինքնությունը դարձել է հանցանք․ համաշխարհային ճանաչում ունեցող գործարար Ռուբեն Վարդանյանն ու այլ հայեր Ադրբեջանում ենթարկվում են շինծու դատավարության և ապօրինաբար պահվում գերության մեջ, սա հիմնավորվում է միայն այն փաստով, որ նրանք հայ են ու պաշտպանել են հայության շահերը։
Այս անարդարությունը մեզ բոլորիս է ուղղված։ Այս իրավիճակը մեզանից պահանջում է գործել հիմա։ Մենք կոչ ենք անում բոլոր հայերին՝ բարձրաձայնելու Ադրբեջանի հայակործան քաղաքականության մասին ամենաբարձր ատյաններում և հարթակներում, բոլոր հնարավոր միջազգային շրջանակներում։ Մեր ձայնը պետք է հնչի ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքի բոլոր անկյուններում՝ իշխանությունների, միջազգային կառույցների, ԶԼՄ-ների, հասարակական գործիչների բարեկամ երկրների ականջին հասցնելու համար, որ մեր հայրենակիցները անմեղ են ու պետք է ազատ արձակվեն։
Ի՞նչ կարող ենք անել՝ գործելու հստակ ուղեցույց․
• Տարածել այս ուղերձը սոցիալական բոլոր հարթակներում՝ օգտագործելով
#FreeRubenVardanyan #FreeArmenianPOWs հեշթեգերը։
• Նշել միջազգային կազմակերպություններին, լրագրողներին, քաղաքական գործիչներին ու իրավապաշտպաններին, պահանջելով արձագանք։
• Փորձել այս կարևորագույն թեման ակտիվ պահել Սփյուռքի բոլոր համայնքներում՝ մասնավորապես գործող հայկական կազմակերպությունների միջոցով
• Կոչ անել հայկական համայնքներին կազմակերպել բողոքի ցույցեր, ստորագրահավաքներ, հանդիպումներ միջազգային կառույցների հետ։
• Դիմել հայկական եկեղեցիներին, մշակութային կենտրոններին, որպեսզի նրանք ևս բարձրաձայնեն ու տեղեկացնեն իրենց համայնքներին։
• Միջազգային հանրության ներգրավման համար իրազեկել հայերի կողքին կանգնած օտարերկրացի գործիչներին, լրագրողներին, իրավապաշտպաններին խնդրելով նրանց արձագանքել այս անարդարությանը։
• Սփյուռքում աշխատող իրավաբանների, քաղաքագետների և ազդեցիկ անձանց ներգրավմամբ մշակել իրավական և քաղաքական ուղիներ՝ ագրեսորի նկատմամբ ճնշում գործադրելու համար։
• Անդադար աջակցության կոչեր և առարկայական քայլեր պահանջել պետական կառույցներից՝ մասնավորապես ՀՀ կառավարությունից և դիվանագիտական կառույցներից՝ առավել ակտիվ լինելու միջազգային դաշտում, ներգրավելու ՄԱԿ-ը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն և այլն։
• Կենտրոնացնել Հայաստանի և Սփյուռքի գործարար համայնքի ազդեցությունը միջազգային բիզնես շրջանակներում՝ իրավիճակը ուշադրության կենտրոն բերելու համար։
Այս պայքարը ազգային արժանապատվության հարց է։ Մեծ ազգերը չեն մոռանում իրենց հերոսներին, նրանք չեն լռում, երբ իրենց զավակներին պատանդ են պահում։ Մենք միշտ հաղթել ենք, որովհետև չենք թողնի, որ անարդարությունը դառնա մեր ժողովրդի նոր իրականությունը։ Այս պայքարը միայն քաղաքական կամ իրավական չէ, այլ նաև բարոյական ու հոգևոր է․ մենք չենք կարող անտարբեր մնալ։ Միավորվենք, բարձրաձայնենք, գործենք հիմա։ Ադրբեջանում պահվող յուրաքանյուր գերի պետք է վերադառնա հայրենիք և սա պետք է լինի մեր առաջնային նպատակն ու խնդիրը։
Արդարությունը պետք է հաղթի։
«Մանթաշյանց» գործարարների ակումբ