
«Հայաստան մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են մեր դեմ»․ Ալիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել

«Հայաստան մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են մեր դեմ։ Գուցե դրանք այսօր այլ տեղ են պետք, բայց այդ զենքերն ուղարկվում են Հայաստան»,- այսօր Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք, որ երեկ հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել էր, որ Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ։ Նա շեշտել է, որ Հայաստանի մտադրությունը միայն իր սեփական պաշտպանական կարողություններն արդիականացնելն է։
Նույն ելույթում Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, թե Եվրոպական դիտորդական առաքելությունն իրականում ԵՄ «հետախուզական առաքելություն» է։
«Նրանք գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին, և հարմար բացեր են փնտրում՝ մեզ հասնելու համար: Մենք ունենք բավականաչափ հետախուզական տվյալներ նման ընտրովի հսկողության առաքելության մասին»,- ասել է նա: