Համաշխարհային բանկի խումբն առաջիկա հինգ տարիներին 1.7 մլրդ դոլարի նպատակային վարկավորում է հատկացնելու Հայաստանին. ՀԲ-ի Հայաստանի գրասենյակի տնօրեն

Համաշխարհային բանկը 2025-2029 թվականներին Հայաստանին տրամադրելու է երկրի տնտեսության զարգացմանը և կառավարման որակի բարելավմանը միտված բազմակողմանի աջակցություն: Դա նախատեսված է մեր երկրի հետ համագործակցության նոր՝ հնգամյա ծրագրով, որը տարեսկզբին հաստատել է Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը: «Երկրի գործընկերության շրջանակ»-ը վերնագրված այս փաստաթղթի և դրանից բխող գործառույթների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի հետ: 

– Ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու այս ծրագրի շրջանակներում:

– Համաշխարհային բանկը նշված ժամանակահատվածում Հայաստանին տրամադրելու է վարկավորման, փորձագիտական և տեխնիկական աջակցություն, որն ուղղված է լինելու աղքատության նվազեցմանը և տնտեսական զարգացման ապահովմանը: Մեր ռազմավարությունը հիմնականում միտված է լինելու ավելի շատ և որակյալ աշխատատեղերի ստեղծմանը, մարդկային կապիտալի արդյունքների բարելավմանը և ցնցումների նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացմանը: Հայաստանի կառավարության և մասնավոր ընկերությունների հետ ներդրումներն իրականացնելու են Համաշխարհային բանկի խմբի բոլոր երեք կազմակերպությունները՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալությունը (ԲՆԵԳ): Առաջիկա հինգ տարիներին նպատակային վարկավորման ընդհանուր ծրարը կազմելու է 1.7 մլրդ ԱՄՆ դոլար։

– Հասարակության ո՞ր շերտերին է հասցեագրված այս աջակցությունը, ո՞վքեր և ի՞նչ հիմունքներով կարող են օգտվել դրանից:

– Ծրագրի նպատակն է օգտակար լինել տարբեր շահառու խմբերին, հատկապես՝ աշխատանքի, կրթության կամ վերապատրաստման ծրագրերում չներգրավված կանանց և երիտասարդներին, ինչպես նաև հասարակության մյուս խոցելի շերտերին: Առաջնահերթություններից է նաև Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդումը՝ ճգնաժամերի ժամանակ բնակչության կարիքավոր խմբերին ավելի լավ աջակցելու նպատակով: Իսկ կլիմայի նկատմամբ կայուն տնտեսական գործունեության զարգացման և պետական և ինստիտուցիոնալ համակարգերի հզորացման բարեփոխումներում ներդրումները միտված են Հայաստանի բնակչությանը երկարաժամկետ կտրվածքով օգտակար լինելուն: 

– Հաստատված գործընկերության շրջանակի վերաբերյալ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ համագործակցությունն առնչվում է նաև պետական ֆինանսների կառավարմանը, ռազմավարական պլանավորմանը և պետական կառավարման բարեփոխումներին։ Հատկապես ի՞նչ քայլեր են կատարվելու այդ ուղղություններով: 

– Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի կառավարության հետ՝ հանրային հաստատությունները բազմակողմանիորեն ամրապնդելու ուղղությամբ։

Ներկայում մեր աջակցությունը կենտրոնացած է հանրային ֆինանսների կառավարումը բարելավելու, ռազմավարական պլանավորման, մարդկային ռեսուրսների կառավարումը ուժեղացնելու և կառավարման բարեփոխումների առաջխաղացման վերաբերյալ խորհրդատվության տրամադրմանը: Օրինակ, ռազմավարական պլանավորման ոլորտում մեր վերլուծական աշխատանքը նպաստում է, որպեսզի պետական կառավարման համակարգը գործողություններին հիմնված գործելաոճից անցնի արդյունքների վրա խարսխված կառավարման համակարգի։ Համաշխարհային բանկն առաջին հերթին գիտելիքի բանկ է, և, որպես այդպիսին, վերլուծական աջակցությունը կարևոր դեր է խաղում ցանկացած երկրի հետ մեր գործընկերության մեջ:

Ֆինանսական քաղաքականության ներառական աճի ուղղվածությունը բարելավելու նպատակով վերլուծական աջակցություն կտրամադրենք համապատասխան ոլորտներում պետական ֆինանսների ուսումնասիրության և տնտեսական աճի մասին զեկույցի (այն անվանում ենք «Երկրի տնտեսական հուշագիր») տեսքով: Հարկաբյուջետային քաղաքականության կատարողականի և ծառայությունների մատուցման բարելավմանը կարող են նպաստել նաև գյուղատնտեսության ոլորտում պետական ծախսերի լրացուցիչ ուսումնասիրությունը, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման և ներքին ռեսուրսների համախմբման ուղղությամբ տեխնիկական աջակցության տրամադրումը: 

Պետական կառավարման բարեփոխումների և ինստիտուտների կայացման գործընթացներում ՀՀ կառավարությանն աջակցում ենք նաև հանրային հատվածի բարձրագույն կառավարման թիմի ստեղծման և ներքին գործընթացների արդիականացման հարցերում՝ առաջ մղելով հանրային ծառայությունների մատուցումը թվայնացնելու ուղղությամբ կառավարության ջանքերը: Հնգամյա այս ծրագրի շրջանակում աջակցության փաթեթ ենք մշակում նաև արդարադատության ոլորտի համար՝ ծառայությունների արդյունավետությունը, որակը և մատչելիությունը բարելավելու նպատակով: 

– Նոր ռազմավարությունն ընդգծում է մասնավոր կապիտալի մոբիլիզացումը Համաշխարհային բանկի խմբի կառույցների հետ սերտ համագործակցության միջոցով: ՎԶՄԲ-ի կողմից ակնկալվում է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ խթանելու բարեփոխումները, որոնք թույլ կտան ՄՖԿ-ին և ԲՆԵԳ-ին ներգրավել ավելի շատ մասնավոր կապիտալ: Ի՞նչ է սա նշանակում և ինչպե՞ս է կյանքի կոչվելու այս կետը:

 – Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի հիմնական առաջնահերթությունը  մասնավոր կապիտալի մոբիլիզացումն է, որն ապահովելու է պետական ռեսուրսների ռազմավարական օգտագործումը՝ մասնավոր հատվածից ավելի մեծ ներդրումներ ներգրավելու համար: Դա ներառում է առաջնահերթ աջակցություն մասնավոր ֆինանսավորման ներգրավման ներուժ ունեցող ոլորտներին, ինչպիսիք են, օրինակ, «կանաչ» ֆինանսները, թվային զարգացումը և կլիմայական փոփոխություններին առնչվող ոլորտները (մասնավորապես, վերականգնվող էներգիայի, ջրի և գյուղատնտեսության):Կառավարությանը մեծապես աջակցում ենք նաև մրցունակության, արտադրողականության աճի, աշխատատեղերի ստեղծման, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, ինչպես նաև կայուն զարգացմանը նպաստող առավել ուժեղ բիզնես միջավայր ստեղծելու գործում: Բացի այդ, տրամադրված փորձագիտական գիտելիքներն ու վերլուծությունները տեղեկատվական հիմք կծառայեն ներդրումային որոշումների ու քաղաքականության բարեփոխումների համար՝ ապահովելով մասնավոր հատվածի մասնակցությանը նպաստող կայուն և կանխատեսելի միջավայր:

– Նման հավակնոտ ծրագրերի իրագործման համար պահանջվում են ֆինանսական լուրջ ներդրումներ: Ինչպե՞ս է վերահսկվելու այդ ներդրումների արդյունավետ տնօրինումը և ի՞նչ է ձեռնարկվելու կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով:

– Ֆոնդերի արդյունավետ կառավարումը և կոռուպցիայի կանխարգելումը կարևոր նշանակություն ունեն այս ծրագրի հաջողության համար: Դա ապահովելու համար ունենք մի քանի միջոցներ՝ հանրային ներդրումների կառավարման շրջանակի ուժեղացում և պարզեցում, աջակցություն կառավարման և արդարադատության բարեփոխումներին, վերլուծության և հանրության համար հասանելի տվյալների օգտագործում՝ կոռուպցիոն ռիսկերը վերահսկելու և քաղաքականության վերաբերյալ որոշումների մասին իրազեկելու համար:

Այս քայլերը կոչված են ապահովելու միջոցների արդյունավետ կառավարումը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի հետ Համաշխարհային բանկի հնգամյա ռազմավարական գործընկերության հաջող իրականացմանը:

Տեսանյութեր

Լրահոս